News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Այսօր` հունիսի 1-ին, Հայաստանում մեկնարկող պետական ավարտական եւ միասնական քննությունները Երեւանում անցկացվում են երկու քննակենտրոններում` թիվ 189 ավագ եւ 14 հիմնական դպրոցներում (ֆոտոռեպորտաժ):

Երեւանի թիվ 189 ավագ դպրոցի բակն առավոտվանից մարդաշատ էր, ամենուր հուզված երեխաներ եւ ծնողներ էին: Այստեղ այսօր «կենսաբանություն» առարկայից քննություն էին հանձնում 320 դիմորդ, որոնցից 14-ը բացակա էին: Այս մասին թիվ 185 դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը` հավելելով, որ այսօր նաեւ ընթանում են  «ընդհանուր պատմություն» եւ «աշխարհագրություն» առարկաներից քննություններ:

Նա տեղեկացրեց, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից տրվել է առաջին գնահատականը այս քննակենտրոնին: Խորհրդի անդամները, նախագահը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել կենտրոնի պայմաններին, խորին շնորհակալություն հայտնել թիվ 189 ավագ դպրոցի տնօրինությանը` իրենց աջակցելու համար: «Նրանք նշեցին, որ գերազանց է կազմակերպված կենտրոնը, մայթեզրերին սլաքներ են փակցված, որպեսզի դիմորդները հեշտությամբ գտնեն քննակենտրոնը: ԳԹԿ-ի կողմից որոշվեց, որ թիվ 189 ավագ դպրոցն այսուհետ  դառնալու է հիմնական քննակենտրոններից մեկը»,- հաղորդեց Գայանե Մանուկյանը:

«Կենսաբանություն» առարկայի քննության համար դիմում-հայտ է ներկայացրել 1938 (Հայաստանը եւ ԼՂՀ-ն` ներառյալ), «ընդհանուր պատմություն» առարկայի համար՝ 397 եւ «աշխարհագրություն» առարկայի համար՝ 392 դիմորդ:  Ամենաշատ դիմորդները գրանցվել են հայոց լեզու առարկայից, ամենաքիչը` իտալերեն, իսպաներեն եւ պարսկերեն առարկաներից:

Ըստ դիմորդների թվի` Հայաստանի յուրաքանչյուր մարզում, բացի Սյունիքի, ձեւավորվել է մեկական քննական կենտրոններ: Իսկ Սյունիքում եւ Երեւանում ձեւավորվել է երկուական քննակենտրոններ

Թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը նշեց, որ քննությունը փառահեղ է կազմակերպված, բոլոր պահանջներին եւ չափանիշներին համապատասխան: Նա նշեց, որ կենսաբանության քննաթերթիկում հարցերի թիվը 80 է, որոնցից մի մասը կարճ պատասխաններ պահանջող հարցեր են, խնդիրներ, որոնք պետք է լուծեն եւ թիվը գրեն: Նա չի կարող խոսել թեսթի բովանդակային արժեքի մասին, դրա մասին պետք է խոսեն մասնագետները, իրենք պատասխանատու են ընթացքի համար: «Ով պարապել է, նրա համար դժվար չէ»,- նշեց նա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դիմորդները հայտնում էին իրենց հուզմունքը, բարձր եւ մարտական տրամադրությունը: Նրանցից ոմանք տխուր էին, ոմանք` ուրախ, ոմանք` մտահոգ: Կային նաեւ այնպիսի դիմորդներ, ովքեր համարձակորեն հայտնեցին, թե ինչ միավոր ստանալու համար են եկել եւ ինչ են ակնկալում: Ինչ վերաբերում է թեսթերին, ապա երեխաների մտահոգությունը մեկն էր` ծրագիրց դուրս եւ դպրոցում չսովորած, չանցած բաներ չլինեն:

Հեռուստասենյակում քննություններին ընթացքին հետեւող  ծնողները ավելի հուզված էին, նրանք համառորեն էկրաններին փորձում էին գտնել իրենց երեխային, եւ երբ չէին գտնում, հուսահատվում էին, կշտամբում իրար: Իսկ գտնելուց հետո էլ անհանգստանում, թե ինչու է այդպես նստած, ինչու է շարժվում, ինչու է անհանգիստ, ինչու դեմքը հստակ չի երեւում եւ այլն:

ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը նշեց, որ այդ տեսախցիկները երեխայի դեմքը չեն ֆիքսում, ինչը բնական է, քանի որ դրանք ֆիքսում են սենյակի պատկերը, ոչ թե երեխայի դեմքը կամ ապրումները: Ամեն դեպքում, նա նաւ նշեց, որ այս ամենը տեսագրվում է եւ ծնողներին խորհուրդ տվեց չաղմկել, որպեսզի չխանգարեն երեխաներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: Երեւանում այս տարի դիմում հայտ է ներկայացրել 5983 դիմորդ, իսկ 2010թ` 6161 էր: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8: Քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 22-ին` «հայոց լեզու» եւ «քիմիա» առարկաներով:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ