News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2012 թ. ապրիլի դրությամբ Հայաստանում կա 13.8 հազ. նպաստառու գործազուրկ, որոնք ստացել են միջինը 15.8 հազ. դրամ նպաստ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի` 2011 թ. ապրիլի նկատմամբ նվազել են ոչ միայն նպաստառու գործազուրկների թիվը, այլեւ նպաստները: Այսպես` 2011 թ. ապրիլին նպաստառու է եղել 18.4 հազ. մարդ, իսկ նպաստը կազմել է 17.8 հազ. դրամ:

NEWS.am-ը փորձեց ՀՀ զբաղվածության պետական ծառայությունից տեղեկանալ, թե ինչու են նվազել գործազրկության նպաստները: Ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասաց, որ նպաստների չափը կարգավորվում է «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը 2011 մարտին գործազրկության նպաստի չափ է սահմանել ամսական 18 հազ. դրամը: Ընդ որում` դա ստանդարտ չափ է, որ տրամադրվում է գործազուրկներին` անկախ նպաստ ստանալու ժամկետից: Գործազրկության նպաստ նշանակվում է նվազագույնը 6 ամսով, առավելագույնը` 1 տարով: Նա հիշեցրեց, որ մինչեւ օրենքում կատարված փոփոխությունը գործազուրկի նպաստի չափ սահմանված էր նվազագույն աշխատավարձի 60 %-ի չափով, ու դա հենց կազմում էր 18 հազ. դրամ: Երբ նպաստի չափ սահմանելու իրավասությունը փոխանցվեց կառավարությանը, այդ չափը փոփոխության չենթարկվեց:

Թե ինչու է կառավարության սահմանած 18 հազ. դրամը ԱՎԾ վիճակագրությունում դարձել 15.8 հազ.` Ա. Սիմոնյանը տեղյակ չէր, եւ առաջարկեց այդ հարցը պարզել անմիջապես ԱՎԾ-ից:

ԱՎԾ աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց տվյալները ստացվում են զբաղվածության պետական ծառայության ամսական հաշվետվությունների հիման վրա, որին ընդամենը մեկ թվաբանական գործողություն են ավելացնում` նպաստների ընդհանուր գումարը բաժանում են նպաստառուների թվի վրա: Հետեւաբար, ըստ Լ. Քալանթարյանի, բազային թվերի ճշտության պատասխանատվությունն ընկնում է հաշվետվությունը ներկայացնող մարմնի վրա:

Այս խճճված հանգույցը քանդելու նպատակով կրկին զանգահարեցինք զբաղվածության պետական ծառայություն: Ա. Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ թվերի շեղումներ կարող են առաջանալ այն պատճառով, որ որոշ դեպքերում նպաստ նշանակվում է ամսվա կեսին, ու ամսվա կեսի դրությամբ էլ դադարեցվում է վճարումը: Հետեւաբար` այդ ամիսներին նպաստառուն ամբողջ նպաստը չի ստանում: Մեկ այլ ենթադրությամբ էլ` շեղումներ կարող են առաջանալ այն պատճառով, որ նպաստ նշանակվում է տարբեր ժամկետներով (6 ամիս, 9 ամիս, 12 ամիս), որոնք այնուհետեւ միջինացվում են մեկ ամսվա կտրվածքով: Սակայն այս տարբերակը քննադատության չի դիմանում այն պատճառով, որ ԱՎԾ-ն ստանում է ոչ թե եռամսյակային, այլ ամսական հաշվետվություններ:

Մեր կարծիքով` նպաստի փաստացի մակարդակի (ամսական 15.8 հազ. դրամ) եւ ստանդարտ չափի (ամսական 18 հազ. դրամ) միջեւ շեղումը բավականին մեծ է, ու պետական մարմիններից գոնե մեկում պետք է հիմնավոր բացատրություն լինի դրա պատճառների վերաբերյալ:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ