News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիք լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք դարձյալ պարտվելու են: Այդ մասին ասված է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարության մեջ:

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական սադրանքների զոհ դարձան հայրենիքի պաշտպան հայ զինվորականներ եւ մեկ խաղաղ բնակիչ, ունենք նաեւ վիրավորներ: Իմ եւ ԵԿՄ անունից ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, նրանց հերոս մայրերին, նրանց մարտական ընկերներին, անմիջական հրամանատարներին, պաշտպանության նախարարին եւ ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարին: Ցավակցում եմ ողջ հայ ժողովրդին: Միաժամանակ հավատացնում եմ, որ մեր որդիների թափած արյունը զուր չի եղել. նրանք մեր երկրի, բոլորիս անդորրն են երաշխավորել, նրանք հանուն հայրենիքի են ընկել, ուրեմն եւ սրբագործվել են: Սուրբ է նրանց կատարած գործն ու նրանք չեն մոռացվելու, մշտապես ապրելու են, քանզի մշտապես լինելու են սերունդների հիշողություններում: Զոհերի հարազատներին ցավակցելով` նաեւ շուտափույթ առողջացում եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական սադրանքներին, ապա Արցախը հայաթափելու ծրագրերը դեռ վաղուց էին նրանց նենգ ղեկավարները ծրագրել, դեռ Սովետական Միության տարիներին, երբ միութենական առաջատար պաշտոններ էր վարում Հեյդար Ալիեւը ու դեռ դրանից էլ շատ առաջ: Դա էր պատճառը, որ արցախահայության խաղաղ պահանջներին Ադրբեջանի իշխանությունները 1988-ին Սումգայիթով պատասխանեցին:

Վերջին օրերին հաճախադեպ դարձած ադրբեջանական սադրանքները մի քանի նպատակ են հետապնդում: Հենց թեկուզ այն հանգամանքը, որ նման միջադեպեր գրանցվում են հատկապես միջազգային կազմակերպությունների կամ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների ներկայացուցիչների տարածաշրջանային այցերի ժամանակ, հիմք է տալիս ենթադրելու, որ դա շանտաժի նպատակով է արվում: Ադրբեջանական կողմը հասկացնում է, թե արագացրեք տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորումը, հակառակ դեպքում ինքը չի բացառում նաեւ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումը: Երկրորդ նպատակը հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդելն է, Հայաստանի, Արցախի բնակչությանը ահաբեկելը:

Ես եւ ԵԿՄ-ն վստահաբար այն կարծիքին ենք, որ թուրք-ազերիների այս սադրանքները նպատակին չեն ծառայելու: Հնարավոր չէ այս ճղճիմ մեթոդներով միջազգային հանրությանը քայլեր պարտադրել: Առավել եւս հնարավոր չէ ահաբեկել, վախեցնել հայ ազգին, հայ զինվորին: Ադրբեջանցիք լավ գիտակցում են, որ պատերազմի վերսկսման դեպքում իրենք դարձյալ պարտվելու են: Նրանք լավ են հիշում, թե ինչպես մեզ պատերազմ պարտադրեցին եւ թե ինչպես մենք հաղթեցինք ու իրենց հրադադար պարտադրեցինք:

ԵԿՄ-ն մեկ անգամ եւս բարձրաձայնում է, որ միշտ կանգնած է հայ ազգի պաշտպանության դիրքերում, կանգնած է Հայաստանի, հայկական Արցախի, ազատագրված տարածքների պաշտպանության դիրքերում: Ինչպես ժամանակին հաղթել ենք Ադրբեջանին` աշխարհազորայիններով հենց պատերազմ մղելուն զուգահեռ նաեւ պետական կանոնավոր բանակ ստեղծելով, այնպես էլ մեր բանակի եւ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի ավանդին հավատարիմ կանգնած ենք մնալու հայոց բանակի, հայոց պետականության կողքին: Հավատացնում ենք հայ ազգին եւ սահմաններին կանգնած մեր քաջ զավակներին, որ ադրբեջանցին սարսափում է հայերից, սարսափում է հայկական բանակից: Նա միայն հոխորտալ գիտե: Ինչպես 1989-1994-ի պատերազմում մեր 6 000 զոհի դիմաց Ադրբեջանը 30 000 զոհ տվեց, այնպես էլ այսօր ամեն մի զոհված հայորդու համար նրանք հաստատապես տասն են հատուցում: Պարզապես մեր եւ ազերու տարբերությունն այն է, որ իրենց քաղաքական արկածախնդիր ղեկավարությունը թքած ունի իր զոհերի վրա, ներքաղաքական խնդիրներում իրենց դիրքերն ամրացնելու համար Ադրբեջանի իշխանությունները կարող են եւ առանց ախ քաշելու իրենց անմեղ զինվորներին զոհել, սադրանքների դրդել: Իսկ մեզ համար թանկ է ամեն մի հայի կյանքը:

ԵԿՄ-ն նաեւ սթափության եւ միասնականության կոչ է անում հայ ազգին: Շատ վատ է, որ մենք միայն նման առանձին դրվագներում ենք հիշում, որ պատերազմի մեջ ենք: Ամեն մի հայ, հասարակության ամեն մի անդամ պետք է իր հնարավորությունների չափով կանգնած լինի Արցախի կողքին, հայոց բանակի կողքին, հայ զինվորի կողքին: Պետք է օգնենք շտկելու բանակում առկա առանձին թերությունները, այլ ոչ թե բանակի հասցեին հայհոյախառն քննադատություն տարածենք` մոռանալով, որ հայոց բանակը մեր եղբայրներն են, մեր զավակները:

Չի կարելի առանց օգնելու, առանց ուղղություն ցույց տալու, առանց ձեռքը բռնելու դաստիարակել երեխային:

Չի կարող առանց հավատի, առանց միասնության ընտանիք ղեկավարվել, զավակ դաստիարակվել:

Հնարավոր չէ դրական արդյունքի հասնել, երբ մեր ընտանիքի հարցերը փողոց ենք հանում, փողոցում ենք քննադատում եւ հայհոյում մեր երեխային:

Մեր բարդ տարածարջանի առանձնահատկությունները հնարավորություն չեն տալիս պահպանել խաղաղություն, եթե չես առաջնորդվում պետական մտածողությամբ, հայրենասիրությամբ:

Մեր հայրենի բանակը քննադատությունից առաջ ժողովրդի աջակցության, ժողովրդի գուրգուրանքի կարիքն ունի:

Վստահեք բանակին, վստահեք հայ զինվորին, վստահեք մեր ազգին, վստահեք ինքներդ ձեզ, ձեր զավակներին:

Ես էլ վստահեցնում եմ պահեստազորի սպաների եւ զինվորների անունից, որ պատրաստ ենք օրվա 24 ժամն էլ հավատարմորեն ծառայելու հայրենիքին, պետությանը, Արցախին, մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Վստահեցնում եմ ԵԿՄ անունից, որ պատրաստ ենք մեր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին: Միասնաբար մենք ի զորու ենք երաշխավորել ՀՀ եւ Արցախի անկախությունն, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Տպել
Ամենաշատ