News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով պատվիրակության այցը տարածաշրջան, բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության եւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակություն ունեցող կազմակերպության դերը: Պատգամավորը հույս հայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարավորություն կտա էլ ավելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում խոսեց ԼՂ հակամարտության մասին` այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դեպքերը տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ու նաեւ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրերին: Վարդան Օսկանյանի կարծիքով` սա Ադրբեջանի կողմից հատուկ էր արված եւ որոշակի ուղերձ էր: Ըստ նրա` ադրբեջանական կողմը ցանկանում է ասել, որ իրենք «հիասթափված են» բանակցային գործընթացից եւ հարցն ուզում են լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ հիասթափությունը հենց իրենց պատճառով է. բանակցությունների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- նկատեց պատգամավորը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին եւ կիսելով նախորդ բանախոսի տեսակետը, անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն անվտանգության, այլեւ ժողովրդավարացման գործում մեծ դերակատարություն ունի:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման գործում: Նա ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված խմբավորումների նախաձեռնած գործողություններին, որոնք ուղեկցվում են զոհերով: Պատգամավորն անհրաժեշտ համարեց, որ ԵԱՀԿ-ի մոտեցումները լինեն հստակ եւ կոնկրետ:

Խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների, ժողովրդավարական գործընթացների առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն արձագանքեց բարձրացված հարցերին: «Այն, ինչ ասում եմ այսօր Երեւանում, ասելու եմ վաղը Բաքվում. Լեռնային Ղարաբաղի համակարտության ռազմական որեւէ լուծում չի լինելու», -ընդգծեց նա:  Պրն. Գիլմորի խոսքերով` իրենց համար մերժելի է ուժի կիրառումը. հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր առաքելությունն իրականացնելու եւ երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են: ԵԱՀԿ նախագահի գնահատմամբ` պետք է վերջ դրվեն թե սահմանային միջադեպերին, թե դիպուկահարների գործողություններին: «Պետք է մեխանիզմներ գտնել այդ միջադեպերը հետաքննելու համար»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը`  հավելելով, որ ԼՂ հակամարտությունը գերխնդիր է թե ԵԱՀԿ-ի եւ թե իր համար` իր պաշտոնավարման տարիներին:

Ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով` Էմոն Գիլմորը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ԵԽ-ի հետ համագործակցաբար պատրաստած զեկույցն առաջարկներ է պարունակում: «Հույս ունեմ, որ այնտեղ ընդգրկված առաջարկները իրականություն կդառնան»,-ասաց ԵԱՀԿ պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` իր ուշադրության կենտրոնում է ԶԼՄ-ների ազատությունը, ինչը քննարկվել է նաեւ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ: Պարոն Գիլմորը հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այս հարցում եւս: «ԵԱՀԿ-ն մշտապես աջակցում է ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ