News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 14-ի երեկոյան, տեղի է ունեցել «Չի՛ քանդվելու» խորագրով երթը` ի պաշտպանություն Երեւանի վտանգված վերջին հուշարձանների: Երթին մասնակցել են Երեւանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը ներկայացնող բազմաթիվ նախաձեռնությունների ակտիվիստներ, քաղաքացիներ:

Մասնակիցները երթն սկսել են հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից, որն այսօր ծրագրված քանդման լուրջ վտանգի տակ է, ապա շարժվել են Երեւանի կենտրոնական փողոցներով` անցնելով  ԱՕԿՍ-ի շենքի մոտով, որի հետնամասում, առանց շինարարական թույլտվության առկայության, արդեն սկսվել են բարձրահարկ շենքի շինարարական աշխատանքները, Արամի 30-ի մոտով, որի վերջնական պահպանության հարցը դեռեւս առկախ է, Ազգային պատկերասրահի շենքի մոտով, որի մասին երեկ հեռուստատեսությամբ ակնարկ է արել ինքը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Կառավարության շենքի մոտով, որն առայժմ չի քանդվի, «Սպայի տան» մոտով, որը ծիծաղելիորեն դեռեւս պահպանվող հուշարձանների ցանկում է, սակայն վաղուց իր տեղը զիջել է բազմահարկ Piazza Grande-ին, Շահումյան հրապարակում գտնվող՝ «Ամերիա» բանկին վաճառված հուշարձան շենքի մոտով, որի ճակատագիրը եւս անհստակ է, Ծածկած շուկայի մոտով, որտեղ երեկ անհասկանալի պայթյուն է գրանցվել, իսկ տանիքը եւ պահող կամարների մեծ մասը շին.աշխատանքների հետեւանքով քանդվել է:

Երթը ավարտվել է նույն Տերյան 11-ում՝ Աֆրիկյանների տան մոտ:

Ակնհայտ է, որ անկախ քաղաքային իշխանությունների եւ ինչ-ինչ գործարարների միջեւ կնքվող բիզնես ծրագրերի տրամաբանությունից՝ քաղաքացին այսօր իր հստակ դիրքորոշումն է արտահայտում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ: Այդ խնդիրը պետք է անհապաղ լուծել կա՛մ համապատասխան չինովնիկների փոխարինման կամ էլ համակարգային լուրջ բարեփոխումների միջոցով, ինչը բնականաբար հնարավոր կլինի միայն համապատասխան օրենքների կիրառմամբ մշակույթի եւ պահանջատեր քաղաքացիության ձեւավորմամբ: Իսկ վտանգված շենքերն այսուհետ պահպանվում են հասարակության կողմից, ինչը երթի մասնակիցները նշել են՝ համապատասխան գրությամբ տիպեր փակցնելով հուշարձան-շենքերի պատերին:

Տպել
Ամենաշատ