News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հասարակական լայն ուշադրության շնորհիվ է, որ այսօր «Հարսնաքարում» տեղի ունեցածը ծածկադմփոց չեղավ: Այդ մասին այսօր` հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով «Հարսնաքարի» միջադեպը:

Հակոբյանը նշեց, թե դժվարանում է ասել, թե ինչ շարունակություն կունենա գործընթացը, սակայն հույս հայտնեց, որ մեղավորները կպատժվեն: «Միայն այս համակարգում է հնարավոր նման պահվածք, միայն նման համակարգի արժեքներով ձեւավորված հասարակությունում է հնարավոր այսպիսի վայրենություն, ինչ տեղի ունեցավ «Հարսնաքարում»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու «Ժառանգությունը», որ միշտ հասարակական ակտիվություն է ցուցաբերել, հանդես չեկավ հայտարարությամբ, ինչպես դա արեց ՀԱԿ-ը, Հակոբյանն ասաց. «Կարծում եմ` եթե մի ուժ հանդես է եկել հայտարարությամբ, չի նշանակում, որ բոլորը հանդես կգան: Կարծում եմ` առանձին-առանձին հայտնել ենք մեր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, եւ հայտարարությամբ  հանդես կգանք անհրաժեշտության դեպքում»,- ասաց Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ