News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունիսի 27-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ  USAID-ի ֆինանսավորմամբ  «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մասնակից հայ լրագրողների հետ: Ստորեւ ներկայացնում ենք հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ  NEWS.am-ի թղթակիցը, հնչած հարցերն ու պատասխանները.

ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ-ն, սակայն, այդուհանդերձ,  միակ պետությունն է, որն օգնություն է  ցուցաբերում ԼՂՀ-ին: Բայց Ադրբեջանի ռազմական հռետորաբանության  եւ ագրեսիայի համատեքստում ԱՄՆ-ը, որպես չճանաչված պետությանը օգնություն տրամադրող երկիր, հավասարության նշան է դնում: Ինչո՞ւ չկա բաց քննարկում:

Շնորհակալություն հիշեցման համար, որ մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում ԼՂ-ին: Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք տարեկան մոտ 2 մլն դոլարի օգնություն ենք տրամադրել: Ինչ վերաբերում է հռետորաբանությանը եւ շփման գծում բռնությանը, թույլ տվեք մի քանի հանգամանքի վրա ուշադրությունը հրավերել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները` Օբաման, Պուտինը եւ Օլանդը  հունիսի 19-ին Լոս Կաբոսում հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ գոյություն ունի խնդրի միայն խաղաղ լուծում եւ հանդես եկան ընդդեմ բռնության: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4 –ին Երեւանում հրապարակավ եւ մասնավոր կարգով քննարկեց այդ հարցը, ինչպես նաեւ հարցին անդրադարձավ նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում: Հունիսի  4 –ին հայ զինվոր էր սպանվել: Իր հայտարարության մեջ նա ափսոսանք հայտնեց բռնության կապակցությամբ` դա համարելով անընդունելի: Նա հրապարակավ հայտարարեց, որ նախագահ Սարգսյանին վստահեցրել է, որ նույնը պատրաստովում է ասել Բաքվում հունիսի 6-ին: Պետքարտուղարը հանդիպեց  Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, եւ ճշգրտությամբ արել է այն, ինչ խոստացել էր: Եվ, վերջապես, երեք համանախագահներն աջակցում են վստահության ամրապնդման միջոցառումներին, մասնավորապես, հանդես գալով շփման գծից դիպուկահարների դուրս բերման օգտին եւ ստեղծելով միջադեպերի հետաքննման մեխանիզմներ: Մենք ցանկանում ենք վստահության ամրապնդման միջոցառումներն առաջ մղել եւ, հուսով եմ, որ դա կբերի շփման գծին եւ սահմանին բռնությունների նվազեցման:

Կցանկանայի անդրադառնալ թուրքական «Today’s Zaman»-ին տված Ձեր հարցազրույցին, որտեղ Դուք ասում եք,  որ 2015թ-ը կարեւոր տարի է լինելու Հայաստանի եւ Թուրքիայի համար: Այդ ժամանակ կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դուք նաեւ նշել էինք, թե հույս ունեք, որ հայ-թուրքական արձանագրությունները կիրականացվեն: Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ դիրքորոշումը, եթե մինչ այդ արձանագրություննրը չիրականացվեն:

Մենք չենք հրաժարվում արձանագրություններից  եւ նախկինի պես բոլոր մակարդակներով պնդում ենք, որ  դրանք վավերացվեն եւ կատարվեն: Թուրքիայի առաջնորդներին մեր ուղերձն այն է, որ արձանագրությունները վավերացվեն եւ իրականացվեն այնպես, ինչպպես ստորագրվել են` առանց նախապայմանների: Դա մեր հիմնական խնդիրն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հրացում:  Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ պետքարտուղար Քլինթոնը հստակ եւ հրապարակային հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Մենք ողջունեցինք փաստը, որ երկու առաջնորդները հավանության արժանացրեցին փաստաթղթերը, երբ նրանք ստորագրվեցին: Եւ ոչ մի կողմը ետ չի կանչել փաստաթղթերը, դրանք գտնվում են երկու երկրների խորհրդարանների քննարկման դաշտում: Դա կարեւոր է:

Մենք պայքարում ենք հանուն հաշտեցման երեք մակարդակով: Առաջինը` արձանագրությունները պետք է վավերացվեն եւ կատարվեն առանց նախապայմանների: Երկրորդ` մենք Անկարային խրախուսում ենք եւ մղում ենք տնտեսական լուրջ քայլերի: Դրա տակ ես նկատի ունեմ, օրինակ, Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, որը օգտակար կլինի նաեւ Արեւելյան Թուրքիայի համար: Եւս մեկ օրինակ է օպտիկամանրաթելային մալուխի անցակացումը: Հայկական եւ թուրքական ընկերությունները բանակցում են Թուրքիայից Հայաստան մալուխ անցկացնելու համար: Եւ վերջապես` երրորդ կետը մարդկանց միջեւ շփումներն են:  Կարեւոր է կոտրել երկու երկրների  եւ ժողովուրդների միջեւ անվստահությունը եւ ստեղծել մթնոլորտ, որի դեպքում հաշտեցումը հնարավոր կլինի:

Խորհրդարանական ընտրություններից հետք ԱՄՆ դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ ավելի մեղմ էր եվրոպական երկրների համեմատ: Մենք տեսանք, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի իշխանությունների առաջընթացը: Այդ գնահատականները ավա՞նս են` հույսով, թե ապագայում իշխանությունները կուղղվեն:

Մենք մեծ ուշադրություն հատկացրեցինք խորհրդարանական ընտրություններին: Փորձեցինք օբյեկտիվ լինել գնահատականներում: Մի շարք ոլորտներում, օրինակ, ԶՄԼ-ների մատչելիության առումով մենք իսկապես ռաջընթաց տեսանք: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերին, ապա ընտրությունների օրը դրանք թափանցիկ են գործել,  քվեարկությունը բնականոն հունով է ընթացել: Եթե մենք տեսնում ենք խնդիրներ, մենք քննդատում ենք դրանք. օրինակ,  այդ հիմնական ուղղությունները արտացոլված են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցում. ընտրողների կաշառում, վարչական ռեսուրսների չարաշահում: Հիմա խնդիրն այն է, որ ամեն ինչ հաշվի առնվի 2013 թ. ընտրություներին:

Ես ուրախ էի աշխույժ քննարկում տեսնել խորհրդարանում ընդդիմության մասնակցությամբ: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ  կոշտ հարցեր ուղղվեցին: Բաց քննարկումները  եւ մրցակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար լավ գործոններ են: Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, մենք հանդես ենք գալիս հօգուտ իշխանությունների կողմից բարեփոխումների շարունակման: Իրենց զեկույցում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետները 26  հանձնարարական են նշել: Դա լավ հնարավորություն է կառավարության, կառավարող կուսակցության համար, նրանք պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:

Կասկած չկա, որ ԱՄՆ-ը անում է հնարավորը տարածաշրջանային ինտեգրացիայի համար եւ հանդես է գալիս բաց սահմանների օգտին: Մյուս կողմից Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է եւ զսպում է այդ գործընթացը, չի արձագանքում նաեւ պետքարտուղարի կոչերին: Մենք նաեւ տեսնում ենք Մերձավոր Արեւելքում իրականացվող փոփոխությունները:  Ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը փոփոխվող իրավիճակում:

Թուրքիան, անկասկած, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է: Եւ որպես դաշնակից մենք փորձում ենք Թուրքիայի հետ աշխատել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների ողջ սպեկտրով: Օրինակ, Սիրիայի հարցում մենք սերտորեն աշխատում ենք Թուրքիայի հետ` փորձելով լուծումներ գտնել սիրիական ճգնաժամից: Սակայն այն, որ մենք դաշնակիցներ ենք, չի նշանակում, որ մենք համաձայն ենք բոլոր հարցերում: ԱՄՆ եւ Թուրքիան  բանավիճում են մի շարք խնդիրների շուրջ: Արձանագրությունների հարցը բարձրացվել է բոլոր մակարդակներում: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը: ԱՄՆ-ը աջակցում է սահմանների բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Դա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

Ինչպե՞ս եք կարծում,  գոյություն ունի մե՞կ, թե՞ մի քանի խոչընդոտ իրադարձությունների նման զարգացման համար:

Ես չեմ կարող Թուրքիայի փոխարեն խոսել: Նրանց հրապարակային դիրքորոշումը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Թուրքիայի իշխանությունները  փորձում են արձանագրությունները կապել Ղարաբաղի հարցում առաջընթացի հետ: Սակայն դա պայմանավորվածության մաս չէ: Պետքարտուղարը միշտ է հայտարարել, այդ թվում` թուրքական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ, որ արձանագրություններն ստորագրվել են առանց նախապայմանների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ