News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակ այսօր` հուլիսի 4-ին,  մոտ  40 երիտասարդներ` «Արի գրկեմ», «Hug me», «Անվճար կգրկեմ» եւ նման արտահայտություններով պաստառներ ձեռքներին, գրկում էին հանդիպած անծանոթ մարդկանց (ֆոտոռեպորտաժ):

Առթիը գրկախառնությունների միջազգային ամիսն է, որն ընդունված է տոնել հուլիսի առաջին շաբաթ օրվանից մինչեւ օգոստոսի սկիբ ընկած ժամանակահատվածում: Անծանոթների արձագանքները տարբեր էին` ոմանք վախենում էին եւ հետ էին քաշվում, տարիքով  մեծերը` սիրով համաձայնում էին եւ շնորհակալություն հայտնում նրանց լավ ակցիա կազմակերպելու համար, ոստիկանները հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում եւ երբ տեղեկանում էին, որ «բարի բան» է կազմակերպված, լռում, անցնում էին, իսկ արական սեռի ներկայացուցիչներն էլ ուրախանում էին` տեսնելով իրենց գրկել պատրաստ աղջիկների: Ավելին, նրանք շրջում էին գրկելու ակցիան կազմակերպողների կողքին, որպեսզի երկրորդ անգամ «գրկվելու» հնարավորություն ունենան: Մարդիկ, ովքեր թույլ էին տալիս իրենց գրկել, հետաքրքրվում էին, թե ինչի համար է այս ամենը, այս ինչ միտինգ է կազմակերպված եւ ինչի համար են նրանց գրկում:

Ընդհանուր առմամբ, երիտասարդների հաջողվեց անվճար գրկախառնություններ եւ ժպիտներ բաժանել գոնե Հյուսիսային պողոտայից-Հանրապետության հրապարակ ընկած հատվածում, անցորդներն ուրախացան, բոլորը սրճարաններից եւ շենքերից զարմացած նայում էին: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս քաղաքին պակասում է սերը եւ ժպիտը, իսկ բոլոր խնդիրները, երիտասարդների համոզմամբ, կարելի է լուծել միայն սիրով:

Թեեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակցիային մասնակցելու ցանկություն էր հայտնել մոտ 230 հոգի, բայց նրանց մի փոքրիկ մասն էր ներկա: Փողոցներով «գրկախառնություններ» բաժանելուց հետո երիտասարդները «գրոհեցին» սրճարանները` հաճախորդներին եւս գրկախառնություններ պարգեւելու:

Նշենք, որ գրկախառնությունների միջազգային օրը սովորաբար նշում են հուլիսի առաջին շաբաթ օրվանից մինչեւ օգոստոսի սկիզբ: Ամեն ինչ սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ավստրալացի Խուան Մաննը վայրէջք է կատարել իր հայրենի քաղաքի օդանավակայանում: Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր եւ ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետեւում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու համբուրում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկել, եւ շատ արագ մի պարզ բան մտածեց, վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs » եւ դուրս գնաց: 15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրան էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այդ առավոտ սատկել է նրա շունը եւ այժմ նա բոլորովին մենակ է եւ հիմա աշխարհի չափ ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկախառնվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում:

Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելել են Խուանին գրկախառնվել այլ մարդկանց հետ` առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր 25 մլն դոլար եւ նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքել է 10 հազար ստորագրություն իշխանությունները արգելքը հանել են եւ նա շարունակել է անվճար գրկել մարդկանց

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ