Մալթայի բնակիչները շուտով կկարողանան հեշտությամբ վճարել իրենց բոլոր հաշիվները, տաքսի պատվիրել եւ լիցքավորել իրենց հեռախոսները: Ինչպես հաղորդում է «Times of Malta»-ն, ողջ կղզու տարածքում տեղադրվել է մոտ 400 վճարային տերմինալ ընկերության կողմից, որը հույս ունի ընդլայնել իր ցանցը եվրոպական այլ երկրներում:
Այդ տերմինալների օգնությամբ մարդիկ կարող են վճարել իրենց կոմունալ ծառայությունների դիմաց, երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք վճարել, գովազդ տեղադրել թերթերում, լիցքավորել հեռախոսահամարները, տաքսի պատվիրել եւ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններ փնտրել:
Այս գաղափարը պատկանում է Մալթայի հայ համայնքի ղեկավար, 35-ամյա Վերա Բոյաջյանին, ով ինչպես մյուսները, ժամեր է անցկացրել հերթերի մեջ եւ, ի վերջո, որոշել է «հեշտացնել կյանքը»:
Երիտասարդ կինը թեեւ բժշկական կրթություն ունի, սակայն վերջին հինգ տարվա ընացքում ցանկանում էր որեւէ «նորարարություն» անել կղզում:
Նա խոստովանել է, որ վճարային տերմինալների գաղափարը նոր չէ, դրանք մոտ հինգ տարի առաջ տարածված էին Ռուսաստանում, սակայն վստահ է, որ տերմինալները տարածված չեն Եվրոպայում: Սա «Mobile Systems» ընկերության առաջին նախագիծն է, որը նա ծրագրում է դեռ 2010թ-ից:
Մալթայի հեռահաղորդակցության նախարար Օսթին Գատը, ով ներկա է եղել տերմինալների շնորհանդեսին, հայտարարել է, որ այդ նախաձեռնության շնորհիվ Մալթան առաջատար դիրքեր է գրավում տեխնոլոգիական ներդրումների առումով: