News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տարեցտարի պետության կողմից խստացվում է Զինված ուժերում ծառայելու պահանջները: Արական սեռի ներկայացուցիչների դեպքում գրեթե միշտ պետական ատյանում, երբեմն նաեւ` մասնավոր սեկտորում որեւէ տեղ աշխատանքի անցնելու համար  զինգրքույկը «քարտ բլանշ է»` պարտադիր եւ ցանկալի պայման:  NEWS.am-ը փորձել է պարզել, թե նոր Կառավարության ձեւավորումից հետո մեր նորանշանակ նախարարներից ովքեր են ծառայել բանակում եւ այլն:

Հայաստանի Կառավարության 17 տղամարդ անդամներից միայն 3-ն են մեկնել ժամկետային ծառայության, 5-ը` զինապարտ է, 9-ը չի ծառայել բանակում:

Հատկանշանական է, որ հինգ նորանշանակ նախարարները չեն մեկնել ժամկետային ծառայության, նրանք զինապարտ են: Այսպես, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի,  Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սրտեմ Ասատրյանի, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կենսագրություններում ԶՈՒ-ում ծառայելու մասին տվյալներ, տարեթվեր նշված չեն, փոխարենը բոլորի մոտ գրված է` «Զինապարտ է»: Օրինակ` սպորտի նախարարի դեպքում նշված է, որ նա պահեստի լեյտենանտ է, իսկ քաղաքաշինության նախարարի դեպքում` ունի հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդականի, մաքսային ծառայության գնդապետի կոչումներ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւս զինապարտ է, լեյտենանտ: 1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին, 1994 թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգեւով, ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սրտեմ Ասատրյանի եւ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դեպքում եւս նշված է, որ զինապարտ են:

Կառավարությունը շարունակում է ղեկավարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով  1980-1983 թվականներին սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, որն էլ ավարտել է գերազանցության դիպլոմով, նա ունի պահեստի սպայի զինվորական կոչում: Քանի որ  Կառավարության կազմում զգալի փոփոխություններ չեն կատարվել, ուստի չծառայած նախարարների շարքը չի փոխվել` Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան: Իսկ թե ինչու նրանք չեն ծառայել բանակում, թերեւս ամեն մեկը իր բացատրությունը ունի, մի մասը` գիտությամբ զբաղվելու ազնիվ մղումով ու այլ պատճառով, կամ էլ ծառայել են, բայց համեստորեն թաքցնում են այդ փաստը իրենց պաշտոնապես հրապարակված կենսագրություններում: Իսկ օրինակ Արմեն Երիցյանը ծառայել է ՆԳՆ-ում, որը եւս համարվում է ծառայություն:

Զինված ուժերում ծառայած նախարարներն են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ «Զինապարտության մասին» օրենքով` Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի նախատեսված դեպքերից (առողջական վիճակի պատճառով,  հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է եւ այլն)  չեն կարող նշանակվել պետական պաշտոնների:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր նախկին Կառավարության կազմին` ներկայացնելով, թե նրանցից ով է ծառայել ԶՈւ-ում, եւ ով` ոչ:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ