NEWS.am-ը, ամփոփելով «Նախարարներից ո՞վ է ծառայել Զինված ուժերում եւ ո՞ւմ մասնագիտությունը կապ ունի իր աշխատանքի հետ» շարքը, ներկայացնում է ընդհանուր պատկերը:
Հայաստանի Կառավարության 16 տղամարդ անդամներից միայն 5-ն է ծառայել Զինված ուժերում: Զինված ուժերում ծառայած նախարարներն են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Տրանսպորտի եւ կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Մնացած 11 նախարարները չեն ծառայել բանակում: Գիտությամբ զբաղվելու ազնիվ մտայնության պատճառով, կամ ազատվել են բանակից ծառայությունն անհնար դարձնող հիվանդություններով, օրինակ` էպիլեպսիայով կամ հարթաթաթությամբ, կամ էլ ծառայել են, բայց համեստորեն թաքցնում են այդ փաստը իրենց պաշտոնապես հրապարակված կենսագրություններում:
Իսկ Զինված ուժերում չծառայած նախարարների շարքը այսպիսի տեսք ունի. Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան:
Նշենք, որ «Զինապարտության մասին» օրենքով` Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի նախատեսված դեպքերից (առողջական վիճակի պատճառով, հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է եւ այլն) չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Իսկ այդ պաշտոնների ցանկը հաստատում է կառավարությունը: Հիշեցնենք, որ այս կառավարության չծառայած անդամներն էին միաբերան պնդում, որ «18 տարին լրացած բոլոր տղաները պիտի անպայման ծառայեն բանակում» եւ փոփոխություններ էին անում «Զինապարտության մասին» օրենքում: Կառավարության այս կազմը բանակում ծառայելու «լավագույն» գովազդն է: Ինչ վերաբերում է նախարարների` մասնագիտության եւ աշխատանքի համընկնելուն, ապա այստեղ եւս հուսադրող օրինակները քիչ են: Օրինակ` նախկին հանքի պետը եւ օպերլիազորը այժմ ղեկավարում է երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտը, կենսաբան Հասմիկ Պողոսյանը` մշակույթի ոլորտը, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը` կրթության եւ գիտության ոլորտը եւ այլն:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























