Շուրջ 20 տարի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։
Այս առնչությամբ, նա Facebook—ի իր էջում գրել է. «Սիրելի՛ եղեգիսցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Յուրաքանչյուր ճանապարհ ունի իր սկիզբն ու ավարտը, սակայն այն արժեքները, հիշողություններն ու գործերը, որոնք ստեղծվում են այդ ճանապարհին, շարունակում են ապրել մարդկանց սրտերում և մեր համայնքի պատմության մեջ։
Համայնքների խոշորացման արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 5-ին ավարտվում է որպես համայնքի ղեկավարի պաշտոնում իմ շուրջ 20 տարվա, իսկ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում՝ ինը տարվա ծառայությունը։ Երկու տասնամյակ, որն ինձ համար եղել է ոչ միայն պատասխանատու աշխատանք, այլև մեծ պատիվ, կարևորագույն փորձառություն և նվիրում մեր հայրենի եզերքին ու նրա մարդկանց։
Այս տարիների ընթացքում մեր առջև ծառացած են եղել բազմաթիվ մարտահրավերներ, դժվարություններ և պատասխանատու որոշումներ։ Միաժամանակ եղել են ձեռքբերումներ, իրականացված ծրագրեր, բարեփոխումներ և այնպիսի աշխատանքներ, որոնց արդյունքներն այսօր տեսանելի են մեր համայնքի կյանքում։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել են համատեղ ջանքերը, փոխադարձ վստահությունն ու մեր համայնքի զարգացման հանդեպ ունեցած ընդհանուր հավատը։
Ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն ու միաժամանակ ամենամեծ պատիվը եղել է ծառայել սեփական ժողովրդին, լինել նրա կողքին և հնարավորությունների սահմաններում նպաստել հայրենի համայնքի առաջընթացին։
Այս ճանապարհին եղել են և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ, եղել են որոշումներ, որոնց համար կրել եմ պատասխանատվություն, և խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվել են ժամանակ ու համառ աշխատանք։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունը գնահատվում է ոչ միայն իրականացված ծրագրերով, այլև այն պատասխանատվությամբ, որով նա վերաբերվում է իր ժողովրդին և ստանձնած պարտականություններին։
Անդրադառնալով նաև վերջին շրջանում հնչած որոշ անհիմն հրապարակումներին և մեկնաբանություններին՝ ցանկանում եմ ընդգծել, որ դրանց մի մասն ունեցել է անիմաստ բնույթ, զուրկ է եղել փաստական հիմքերից և նպատակ է ունեցել արատավորելու իմ բարի համբավն ու տարիների աշխատանքի արդյունքում ձևավորված հեղինակությունը։
Վստահ եմ, որ ժամանակն ու իրականությունը լավագույնս են գնահատում յուրաքանչյուրի գործունեությունը, իսկ անհիմն մեղադրանքներն ու չփաստարկված պնդումները չեն կարող ստվերել տարիների աշխատանքս, ստեղծածս հեղինակությունը, ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ անուն ազգանունս, պատասխանատվությունս ու նվիրումս…
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Եղեգիս համայնքի բոլոր բնակիչներին՝ տարիների ընթացքում ցուցաբերած վստահության, աջակցության, անկեղծ խոսքի և համագործակցության համար։ Շնորհակալ եմ համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին, մեր բոլոր գործընկերներին և այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստել են համայնքի զարգացմանն ու առաջընթացին։
Համայնքների խոշորացումը կառավարման նոր փուլ է, նոր կառուցվածք և նոր իրողություններ։ Վարչական սահմաններն ու կառավարման ձևերը կարող են փոխվել, իսկ հայրենի հողի, սեփական գյուղի ու համայնքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը մնում են անփոփոխ։
Այսօր ավարտվում է իմ պաշտոնավարման շրջանը, բայց ոչ Եղեգիսի հանդեպ իմ սերն ու հոգատարությունը։ Ես շարունակելու եմ ապրել այն նույն հողի վրա, կիսել մեր ժողովրդի ուրախություններն ու մտահոգությունները և հնարավորության սահմաններում իմ ներդրումն ունենալ հայրենի եզերքի զարգացման գործում։ ԵՂԵԳԻՍԸ մեր բոլորինն է՝ իր պատմությամբ, իր արժեքներով, իր հերոսական անցյալով և լուսավոր ապագայի հանդեպ հավատով։ Թող մեր համայնքը միշտ լինի շեն, խաղաղ ու զարգացող, իսկ մեր բնակիչները՝ համախմբված, արժանապատիվ և սեփական վաղվա օրվա նկատմամբ վստահ։
Հրաժեշտ տալով պաշտոնին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ պաշտոններն անցողիկ են, բայց հայրենիքի հանդեպ ծառայությունն ու մարդկանց հետ անցած ճանապարհը մնում են հարատև։
Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐԹՈՒՐ ԿԱՄՈՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ





























