Մեր օրերում տարբեր կայքերում եւ թերթերում հանդիպող աշխատանքի հայտարարություններում, պոտենցիալ հավակնորդների առջեւ բարձր պահանջներ է դրվում` բարձրագույն կրթություն, օտար լեզուների եւ համակարգչի գերազանց իմացություն, արական սեռի ներկայացուցիչների դեպքում` ծառայություն Զինված ուժերում եւ այլն: Իսկ որքանո՞վ են իրենց աշխատանքի համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանում հայրենի նախարարները: Սա որոշեց պարզել NEWS.am-ը, փորձելով պարզել, թե մեր նախարարներին ինչ արժանիքի համար են նշանակել նախարար:
Շատ չխորանալով նրանց գիտելիքների եւ փորձառության մեջ` դիտարկեցինք ամենանվազագույն պահանջները. արդյոք նախարարների աշխատանքը կապ ունի՞ իրենց մասնագիտության հետ եւ ո՞վ է նրանցից ծառայել Զինված ուժերում:
Մեր ուսումնասիրած 6 նախարարներից 4-ը չեն ծառայել Զինված ուժերում, թեեւ դա օրենսդրական պահանջ է, իսկ մասնագիտական կրթությունը եւ աշխատանքը այս նախարարների դեպքում քիչ թե շատ համընկնում են:
Զինված ուժերում չծառայած նախարարներ
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կենսագրությունը բավական խոստումնալից է: Ավարտելով Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետեւ սովորել է Սանկտ-Պետերբուրգում, Նիդերլանդներում, պաշտպանել գիտությունների թեկնածուի ատենախոսություն, եւ հայրենիք վերադառնալուց հետո միանգամից զբաղեցրել է վարչապետի օգնականի պաշտոնը: Չծառայելով բանակում`զբաղեցրել եւ զբաղեցնում է բարձր պաշտոններ` նախագահի օգնականից, աշխատակազմի ղեկավարից հասնելով մինչեւ նախարար եւ փոխվարչապետ:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւս չի ծառայել բանակում: Ավարտելով Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է տարբեր երկրներում, իսկ աշխատանքային գործունեությունն սկսել է շրջանային հիվանդանոցում` որպես շտապ օգնության բժիշկ եւ հասել մինչեւ Հայաստանի ռազմաբժշկական վարչության պետի, ԱԺ պատգամավորի եւ նախարարի պաշտոնների:
Չծառայած նախարարների շարքը լրացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով սովորել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որպես Հայաստանի դեսպան` աշխատել է տարբեր երկրներում:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը, այնուհետեւ` բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը եւս հետաքրքիր է. Փականագործի աշխատանքից մինչեւ միլիցիոներ, օպերլիազոր, ՆԳ Մաշտոցի բաժնի բաժանմունքի պետ, ՆԳ նախարարի տեղակալ, Ոստիկանության պետի տեղակալ եւ նախարար: Զինված ուժերում նրա ծառայության մասին եւս ոչ մի խոսք չկար, թեեւ ՆԳՆ-ում ծառայությունը եւս համարվում է ծառայություն:
Զինված ուժերում ծառայած նախարարներից է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` մասնագիտությամբ իրավաբան: Նա ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում, հասել Հայաստանի վերահսկիչ պալատ, այնուհետեւ նշանակվել նախարար:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում եւ ստացել իրավաբանի որակավորում, այնուհետեւ` շարունակելով ուսումը ԳԱԱ-ում` պաշտպանել է թեկնածուական թեզ, ապա ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է Սահմանադրական դատարանից, նաեւ դասախոսել է: Թերեւս նրա կենսագրության մեջ հետաքրքիր փաստն այն է, որ նա աշխատել է բնապահպանության փոխնախարար:
Նշենք, որ «Զինապարտության մասին» օրենքով` Զինվորական ծառայություն չանցած զինապարտները, բացի նախատեսված դեպքերից (առողջական վիճակի պատճառով, հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է եւ այլն) չեն կարող նշանակվել պետական պաշտոնների: Իսկ այդ պաշտոնների ցանկը հաստատում է կառավարությունը:
Շարունակելի
Պատրաստեց Ինգա Մարտինյանը



























