Իսպանիայի կառավարությունը համաձայնեցրել է բնակարանային ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների նոր փաթեթը, երբ երկրում բողոքներ էին բռնկվել Մադրիդում իր բնակարանից 87-ամյա կնոջ վտարման պատճառով։ Առաջարկների թվում է նաև մինչև 2030 թվականը վարձակալների վտարման հնարավոր արգելքը, հայտնել է առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան, հաղորդցում է BBC News-ը։

Նրա ասելով՝ նոր միջոցառումները կարող են վերաբերել ավելի քան հինգ միլիոն մարդու։ Իշխանությունները միաժամանակ առաջարկում են մինչև 2028 թվականը ինքնաբերաբար երկարաձգել գործող վարձակալության պայմանագրերը, խստացնել կարճաժամկետ վարձակալության և սենյակների վարձակալության կարգավորումը, ինչպես նաև ներդրումային ընկերություններին արգելել բնակարաններ գնել։

«Ժամանակն է միջամտել բնակարանային սպեկուլյատիվ շուկային և սկսել վերականգնել հավասարակշռությունը սովորական քաղաքացիների և խնդրահարույց ակտիվներ գնող ֆոնդերի միջև»,- հայտարարել է Գարսիան։

Որոշումն ընդունվել է, երբ բողոքներ են սկսվել 87-ամյա Մարի Կարմեն Աբասկալի պատմությունից։ Կնոջը Մադրիդում գտնվող բնակարանից հարկադրաբար վտարել էին պատգարակով, ինչից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Երկուշաբթի նրա փաստաբանը հայտնել է բնակարանի սեփականատեր ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը կնոջը թույլ կտա վերադառնալ տուն։ Սակայն Աբասկալը դեռ չի ստորագրել համաձայնագիրը։

Տարեց կնոջ վտարումից հետո բողոքողները վրանային ճամբար են տեղադրել Մադրիդի կենտրոնում՝ Պուերտա-դել-Սոլ հրապարակում։ Ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Բարսելոնայում, Սևիլիայում, Մալագայում և Կադիսում։

Միաժամանակ Սոցիալիստական կուսակցությունից և ձախ Sumar կոալիցիայից կազմված կառավարությանը դեռ պետք է ապահովել խորհրդարանի աջակցությունը։ Կոալիցիան մեծամասնություն չունի։ Համապատասխան դեկրետի հրապարակումից հետո պատգամավորների հետ միջոցառումների համաձայնեցման համար տրվում է 30 օր։

Կատալոնական Junts կուսակցության ներկայացուցիչ Միրիամ Նոգերասը հայտարարել է, որ վտարումներից պաշտպանությունը անհրաժեշտ է այն դեպքերում, երբ բնակարանը պատկանում է խոշոր ներդրումային ֆոնդերին, սակայն նույն կանոնների տարածումը փոքր մասնավոր սեփականատերերի վրա սխալ է համարել։