News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Այսօր` սեպտեմբերի 4-ին Գյումրիում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ կան ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման վերաբերյալ Հայաստանի կտրուկ արձագանքի շուրջ:

«Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետեւողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին եւ խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետեւ Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ»:

Ըստ Սարգսյանի, բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել: «Եւ մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել