
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:
Առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, կայցելի Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցի Արցախի ազատամարտի հերոսների եւ անկախ Հայաստանի անվանի գործիչների հիշատակին:
Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախատեսվում է նաեւ մեծ ընդունելություն, որին հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետները եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարներ:
Երեկոյան ժամը 21.00–ին Երեւանի Հանրապետության հրապարակում տոնական համերգ տեղի կունենա, որին նախատեսվում է նաեւ հանրահայտ «Forbidden Saints» խմբի մասնակցությունը: Երեկոն կավարտվի տոնական հրավառությամբ:
Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց: Երկու ամիս անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: