News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իտալիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իտալիայի պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, տարբեր քաղաքական ու հասարակական  գործիչների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 30-ին դեսպանը ներկա է գտնվել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից տրված հրապարակային ընդունելությանը եւ այնուհետեւ դրա ավարտից հետո հրաժեշտի կարճատեւ զրույց ունեցել կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի հետ: Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեսպան Ռուբեն Կարապետյանի միջոցով իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:

Նույն օրը դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Վատիկանի մշակույթի հարցերով Քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Վերջինիս հետ քննարկվել են մշակույթի, մասնավորապես քրիստոնեական ժառանգության պահպանության ոլորտում, համագործակցության կարեւորությունը: Այդ կապակցությամբ Ռուբեն Կարապետյանը հայտնել է Ջանֆրանկո Ռավազիին «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի ստեղծման մասին, որը մասնագիտական բարձր մակարդակով զբաղվելու է ոչ միայն Հայաստանում եւ Արցախում հայկական մշակութային արժեքների պահպանությամբ եւ վերականգնմամբ, այլեւ, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները, այնտեղ քրիստոնեական ժառանգության պահպանության եւ քաղաքակրթական երկխոսության հաստատման հարցերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ հետագա համագործակցության մի շարք գործնական հարցեր:

ՀՀ դեսպանը հանդիպել է նաեւ Հռոմի իտալահայ բոլոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Դեսպանությունում կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը Ռուբեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ ներկաներին ներկայացրել վերջին տարիների ընթացքում դեսպանության կողմից կատարված աշխատանքներն ու հայ-իտալական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները:

Փետրվարի 1-ին դեսպան Ռ.Կարապետյանը այցելել է Հռոմի Քահանայապետական Լեւոնյան վարժարան, ուր հանդիպել է վարժարանի Մեծավոր հայր Գեւորգ Նորատունկայնի եւ ուսանողների հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում վարժարանի կողմից դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ