News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քուվեյթի ԱԺ պատվիրակության անդամները՝ այդ երկրի խորհրդարանի ղեկավար Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ պատվիրակության անդամներին ցուցադրվել է արաբ իրավաբան Ֆայեզ ալ-Հոսեյնի խորհրդանշական հիշատակի պատը, ով արաբական աշխարհի առաջին ներկայացուցիչներից մեկն էր, ով ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Ես պատմեցի, թե ինչու ենք մենք երախտապարտ արաբ ժողովրդին եւ այն անձնավորությանը: Մեր հյուրերը շատ տպավորված էին հուշահամալիրով, չէին թաքցնում իրենց հիացմունքը նրա ճարտարապետության նկատմամբ»,-ասել է Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ Քուվեյթի պատվիրակության ներկայացուցիչները նաեւ իջել են անմար կրակի մոտ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, մայիսի 29-ի երեկոյան, քառօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ  Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի  գլխավորած պատվիրակությունը: 

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ