Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բուդաղյանների ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Այդ միջնորդության վերաբերյալ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությունները, թե անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, չի բացառվում Արտակ Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելը, փաստաբանը մեկ բառով բնութագրեց` «Զինդատախազությունն իր ոճի մեջ է»:
Նա շեշտեց, որ միակ գործողությունը, որը իրենք պետք է կատարեն, որպեսզի միջնորդությունը բավարարեն, դա Քրեական դատավարության օրենսգիրքը ուշադիր կարդալն է: « Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնեց Հայկ Ալումյանը:
Ինչ վերաբերում է զինդատախազի հայտարարությանը, թե չի բացառվում, որ Արտակ Բուդաղյանը ներգրավի, որպես մեղադրյալ, ապա փաստաբանը նշեց, որ «դա նույն շարքի հայտարարություններից մեկն է, զինդատախազը ինչ սկսել է դեպքից հետո խոսել այնպիսի բաներ, որոնք որ տարօրինակ են, մինչեւ հիմա էլ շարունակում է տարօրինակ խոսել»: «Դեպքից հետո սկսել է այդ ոճով, մինչեւ հիմա շարունակում է այդ նույն ոճի մեջ: Սա նույն ոճի մեջ է, երբ դատախազը, դեպքի մասին պատկերացումներ չունենալով, գնահատականներ է տալիս: Չի կարելի գործի մասին այդ աստիճան կատեգորիկ խոսել, երբ գործի մասին պատկերացում չունես, ինքը գործի մասին սկսեց խոսել դեռեւս, երբ որ ոչ մի ապացույց գործի մեջ չկար: Ինքը սկսեց գործի մասին խոսել, ինքը արդեն գործին գնահատականներ տվեց, եւ հիմա էլ քրեական գործը արհեստականորեն հարմարացվում է իր սկզբանական հայտարարություններին: Անում են ամեն ինչ, ես ուղղակի դեռ ավել փակագծեր չեմ կարող բացել, բայց անում են ամեն ինչ, այդ թվում նաեւ` իրավաբանաության հետ որեւէ կապ չունեցող շատ սխալ քայլեր»,- նշեց նա հավելելով, որ զինդատախազն ինքն իրենով նման բաներ չէր խոսա, «երեւի ինչ-որ մի բան ասել են»:
Հայկ Ալումյանը իրավական առումով հնարավոր չի համարում Արտակ Բուդաղյանին գործի շրջանակներում մեղադրյալ ներգրավելը: «Իրավական ոչ մի հնարավորություն չունեն Բուդաղյանին որեւէ կարգավիճակում պահել, քան տուժող: Անհեթեթության են հասել, մի ամիս է Բուդաղյանը իր գործով վկա է, սրանից ավելի մեծ անհեթեթություն մեկ էլ այն է, որ ասում են, որ կարող է պատահի, որ իրեն մեղադրյալ ներգրավեն: Անհեթեթությունների մի շարան, մի խոսքով` զինդատախազությունը իր ոճի մեջ»,- ամփոփեց փաստաբանը:
Նշենք, որ որպես վկա հարցաքննվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























