News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես այս դատարանից ակնկալիքներ չունեմ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում, նախքան դատավարությունն սկսվելը հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը՝ հավելելով, որ այս ամենը վերածվել է խեղկատակության:

«Իսկ եթե ինչ-որ բան փոխվի, նշանակում է, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխվել է»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում այս գործի հետ կապված, նա արձագանքեց. «Մենք պետք է ուժեղ լինենք, հակառակ դեպքում ոչ մի ճնշում էլ չի ազդի: Ես ինձ լավ եմ զգում, հավանաբար նրանից է, որ այս ամենին լուրջ չեմ վերաբերում»,-նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ մեղադրյալի աթոռին իր փոխարեն պետք է նստած լինեին դատավորներն ու այս գործի բոլոր մյուս հեղինակները:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ