News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում եւ հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում եւ 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Այս մասին ասվում է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահների հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարությունում, որը տեղադրվել է Կրեմլի կայքում:

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկել են երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվել է երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը եւ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նշել են ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաեւ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն ընդգծել են ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաեւ երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաեւ նոր լոգիստիկ եւ հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարեւորությունը:

Շեշտադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետեւողական իրագործման կարեւորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ