News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել եւ իր օրհնությունն է բերել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաեւ Ռուսաստանի պետական եւ հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի եւ արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ եւ բարերարներ:

Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական եւ հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով եւ գոտեւորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին եւ ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար եւ այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:

Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների եւ հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը եւ Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:

Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչեւ XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու եւ համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին:

Հանրապետության նախագահն այցելել է նաեւ համալիրի կրթամշակութային եւ հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո եւ եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ