1988-ի կամ 1991-ի իրավիճակին, կապված սահմանների կամ կարգավիճակի հետ, վերադարձ չի լինելու: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հրապարակված ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունները:
«Ես ավելի քան վստահ եմ, որ դեսպանին վերագրված բառերը կեղծված են: Հնարավոր է, որ ամերիկացի դիվանագետը խոսել է համընդհանուր կարգավորման հնարավորության, խաղաղության ու կայունության հաստատման համար: Սակայն առաջին հերթին հարկավոր է վերականգնել ԼՂ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացվածը արտահայտում է Բաքվի դիրքորոշումը, սակայն ոչ մի կերպ՝ միջնորդ-պետության»,-ընդգծել է Բաբայանը:
Ըստ նրա՝ կարգավորման հնարավոր տարբերակները կարող են պարունակել կամ չպարունակել ինչ-ինչ տարածքային փոփոխություններ: «Սակայն 1988-ի կամ 1991-ի իրավիճակին, կապված սահմանների կամ կարգավիճակի հետ, վերադարձ չի լինելու: Աշխարհը շատ է փոխվել: Անվտանգության հարցերը առաջին տեղում է»: