Ռուսաստանին կարող են նոր պատժամիջոցներ սպառնալ, եթե հետագայում էլ քաջալերի արեւելյան Ուկրաինայի անջատողականներին, CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Ամեն անգամ Ուկրաինայի ապակայունացմանն ու նրա ինքնիշխանության խախտմանն ուղղված քայլեր անելիս Ռուսաստանը կբախվի հետեւանքներին», – ընդգծել է Օբաման՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ կիրառել՝ Ժնեւի քառակողմ հանդիպման տապալման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ միանգամայն հստակ է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ բռնակցելով Ղրիմը, հիմա էլ նույնն է անում՝ սատարելով հարավային եւ արեւելյան Ուկրաինայի ապստամբներին:
Օբաման ասել է, որ պատժամիջոցներն արդեն գործում են, քանի որ դրանք թուլացրել են ռուսական տնտեսությունը, նշվել է երկրից կապիտալի հեռանալը:
«Պրն. Պուտինի որոշումները վատ են ազդում ոչ միայն Ուկրաինայի վրա, այլեւ մոտ ապագայում դրանք վատ կանդրադառնան նաեւ Ռուսաստանի վրա»:
Թղթակցի այն հարցին, թե ինչ մեսիջ էր ուղարկել Վլադիմիր Պուտինը ամերիկացի նախագահին եւ ԱՄՆ-ի զինված ուժերին, երբ ռուսական ՍՈՒ-24 օդանավը մանեւրներ էր կատարել ամերիկյան ռազմանավի անմիջական հարեւանությամբ, Օբաման պատասխանել է, որ «Ռուսաստանը շահագրգռված չէ որեւէ ռազմական առճակատում ունենալու մեջ, հասկանալով, որ մեր զինված ուժերը զգալի առավելություն ունեն ռուսականի համեմատությամբ»:
«Մեզ պատերազմ պետք չէ: Մեզ պետք է այն բանի ընկալումը, որ Ուկրաինայի նման երկրները հարաբերություններ կարող են ունենալ իրենց բոլոր հարեւանների հետ, եւ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ որեւէ մեկը չպետք է նրանց փոխարեն որոշում կայացնեն», – հավելել է Բարաք Օբաման, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: