News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին երեւանյան մենահամերգից առաջ մի փոքր վատառողջ էր. հյուրանոցից դուրս գալիս NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում, 89-ամյա երգիչն ասաց. «Քիչ մը լավ չեմ,- ապա ավելացրեց,- բան մը չէ», եւ այլեւս ոչ մի հարցի չպատասխանեց։

Նրան ուղեկցողները բացատրեցին, որ մաեստրոյի ոտքը ցավում էր, բայց հյուրանոցում հասցրել է հանգստանալ ու հիմա համեմատաբար լավ է։ Շառլ Ազնավուրը մեքենային մոտենալիս մի փոքր դժվարությամբ էր քայլում։

Հիշեցնենք, որ ժամը 19։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվում է մեծ շանսոնիեի մենահամերգը, որին ներկա կլինեն նաեւ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ։

Այս համերգը աշխարհահռչակ ֆրանսահայ երգահանի 90-ամյա հոբելյանի առթիվ նախաձեռնված համերգային շրջագայությունների շարքից է։ Մայիսի 22-ին Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում, որտեղ նախատեսվում է մենահամերգ Բեռլինի «02 World» մարզադաշտում, մայիսի 24-ին համերգ կունենա Ֆրանկֆուրտում, հունիսի 26-ին՝ Բարսելոնայում, որից հետո կմեկնի ԱՄՆ։

Նշենք, որ իր 90-ամյա հոբելյանի առիթով Ազնավուրը անակնկալ էր պատրաստել իր երկրպագուների համար` ապրիլի 28-ին թողարկելով իր տարբեր տարիների ստեղծագործությունները մեկտեղող՝ 32 ձայնասկավառակներից պատրաստված ձայնադարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ