News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիաների և հանրահավաքների ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշտապես մեծաթիվ ոստիկանական ուժեր է կենտրոնացնում, որի համար օգտվում է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն տրամադրող մասնավոր կազմակերպության ծառայությունից: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ մայիսին Երևանի գլխավոր հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ ոստիկանության լրացուցիչ ուժեր կենտրոնացնելու, ինչպես նաև դեպի Տավուշի սահմանապահ գյուղեր քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելու համար Ներքին գործերի նախարարությունն օգտվել է ավտոբուսներ և միկրոավտոբուսներ տրամադրող «Էլիտբաս» ընկերության ծառայություններից: Ավելին, մեզ հայտնի դաձավ, որ մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին ոստիկանության լրացուցիչ ուժեր կենտրոնացնելու համար ՆԳՆ-ն հիշյալ ընկերությունից հավելյալ ավտոբուսներ է պահանջել, ինչն ապահովելու համար «Էլիտբաս» -ը ստիպված է եղել չեղարկել «Զվարթնոց» օդանավակայանից իրանցի զբոսաշրջիկների տրանսֆերը:

Միայն վերջին երկու տարվա ընթացքում ՆԳՆ-ն «Էլիտբաս» ընկերության հետ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն՝ վարորդի հետ միասին ծառայության» ձեռքբերման նպատակով շուրջ 20 պայմանագիր է կնքել և վճարել ընդհանուր ավելի քան 600 մլն դրամ: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեսգիտրի հայտարարագրի տվյալներով՝ 2008-ին հիմնադրված  «Էլիտբաս» (ELITEBUS LLC) ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերերը Գուրգեն Նիկողոսյանն է: Կազմակերպության կանոնադրական կապիտալում 50 տոկոս մասնակցություն ունի նաև Նարեկ Սարգսյանը: Վերջինս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդին է և ներկայումս անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով: NEWS.am-ը դեռևս մայիսի 13-ին գրավոր հարցմամբ դիմել էր «Էլիտբաս» ընկերություն՝ պարզելու, արդյոք ընկերության իրական շահառուների փոփոխություն իրականացվել է, թե՞ ոչ, ինչին սակայն ընկերությունից հրաժարվել են պատասխանել՝ խախտելով Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Ավելի ուշ NEWS.am-ը կապ հաստատեց ընկերության 50 տոկոսի սեփականատեր, ընկերության գործադիր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի հետ: Վերջինս հաստատեց, որ ընկերության 50 տոկոսի բաժնետերը շարունակում է հանդիսանալ Նարեկ Սարգսյանը: Հարցին, արդյոք Նարեկ Սարգսյանն առաջարկե՞լ է խզել ՆԳՆ-ի հետ պայմանագիրը՝ հաշվի առնելով որ ոստիկանները, որոնք տեղափոխվում են ընկության ավտոբուսների միջոցով՝ աշխատում են Բագրատ Սրբազանի շարժման մասնակիցների դեմ,  Նիկողոսյանը պատասխանեց. «Տնօրենը ես եմ, որոշումները ես եմ կայացնում, այդ հարցով ինձ ոչ մեկ ոչ խորհուրդ չի տալիս, ոչ էլ ինչ-որ հարցեր են առաջանում, ես իմ գործն եմ անում ու ես ոչ մեկին չեմ ենթարկվում»:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սարգսյանի հետ, Նիկողոսյանը վրդովված պատասխանեց,- «Հիմա դա ի՞նչ կարևոր է. մենք ընդամենը ծառայություն ենք մատուցում, այդ նույն ծառայությունը մատուցել ենք շատ երկար տարիներ տարբեր կառույցների, հիմա խնդիրը ո՞րն է»:

Նշենք, որ բացի Ներքին գործերի նախարարությունից, «ԷԼԻՏ ԲԱՍ»-ի ծառայությունից օգտվում են նաև Պետական եկամուտների կոմիտեն, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և այլ պետական գերատեսչություններ: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ամեն ինչի պատրաստ են միայն Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հաջողության հասնի և իշխանափոխություն լինի:

Տպել
Ամենաշատ