Ցանկացած համակարգի հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ մարդիկ։ Առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար նույնպես ամենակարևորը մարդիկ են՝ մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, որոնք գործում են մեր երկրի բոլոր մարզերում, քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պաշտոնական ներկայացուցիչ Արման Աբովյանը։
«Անկասկած, մեր կուսակցությունը միավորող ուժը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացառիկ տաղանդն է, որի շնորհիվ նա համախմբում է իր շուրջ մարդկանց ամբողջ երկրում՝ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, անվտանգ և բարգավաճ երկրում, որտեղ օրենքի գերակայությունն ու արդարությունը համաքայլ են ազգային արժանապատվության և մեր Հավատքի հետ։
Մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, մեր երիտասարդները՝ բոլորս միասին շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, հանուն այն բանի, որ դադարեցվեն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումները, և մենք վերջապես կերտենք իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստան։





























