News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

«Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, մեկուսարանում ամեն օր հարցաքննություն է լինում, քանի որ գործն ինքնին երկար՝ բիզնես հիմնելուց մինչեւ գործարքներ: Ինչպես ի սկզբանե հայտարարել է, նա միայնակ է գործել, բայց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները նմանակել է: Նա այս հանգամանքի մասին հենց սկզբից էլ ասել է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ գործարարը հայտնի մարդկանց ստորագրությունները կեղծել է առանց այդ մարդկանց զգուշացնելու: Այս արարքի նպատակն էլ այն է եղել, որպեսզի հետագայում պաշտպանի իր բիզնեսը:

«Աշոտ Սուքիասյանը մեծ ցավ է ապրում, որ նմանակել է այդ մարդկանց ստորագրությունները: Ինքը վախեցել է, որ իր բիզնեսը կխլեն իրենից, Աֆրիկայում մեկ անգամ արդեն ինչ-որ մեկը խաբեությամբ տիրացել էր նրա բիզնեսին: Իսկ նմանակել է հենց այս մարդկանց ստորագրությունը, քանի որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան թեմի խաչքավորն է եղել, իսկ Տիգրան Սարգսյանն էլ՝ ատենապետը: Երբ ես նրան հարցրի, թե ինչու է նմանակել, նա սկսեց արդարանալ, տարբեր պատճառներ բերել, թե իբր ցանկացել է հետագայում սյուրպրիզ անել Տիգրան Սարգսյանին եւ սրբազանին: Բայց սրանք միայն արդարանալու միջոցներ են: Իրականում, Աշոտ Սուքիասյանը կեղծել է, որպեսզի իր բիզնեսին կպնող չլինի»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Հայաստան է արտահանձնվել հունիսի 19-ին եւ նույն օրն էլ կալանավորվել:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ