Կարեւոր եւ երկրորդական գործերի բովում, տոների եւ առօրյա հոգսերի հորձանուտում միջին վիճակագրական քաղաքացին հազվադեպ է մտորում ժամանակի գլոբալ ընթացքի, դարաշրջանի փոփոխության եւ էվոլյուցիայի մասին: Հազվադեպ է մտորում այն մասին, թե ինչ է եղել այս վայրում միլիոն կամ հարյուր միլիոն տարի առաջ: Այն ժամանակներում, երբ Հայաստանի տարածքը տաք օվկիանոսի հատակ էր կամ երբ տեղանքով փղեր էին շրջում... (ֆոտոռեպորտաժ)
Մեր երկրի աշխարհագրական անցյալ NEWS.am-ի ընթերցողներին կօգնի «մխրճվել» ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը: Տարածքով փոքր, բայց բովանդակությամբ խիստ հագեցած թանգարանը կրում է իր հիմնադիր, հայտնի երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի անունը: Հենց վերջինիս ջանքերի շնորհիվ՝ իր իսկ հավաքածուի հիման վրա, 1937թ. ստեղծվել է թանգարանը: Սկզբնապես հաշվվում էր 4500 ցուցանմուշ, այժմ դրանց թիվը գերազանցում է 12 հազարը:
Թանգարանը կազմված է 6՝ հանքաբանության, ապարաբանության, հնէաբանության, հրաբխականության, օգտակար հանածոների, հանքային ջրերի բաժիններից: Թանգարանում գործում է «Էկո ակումբ»՝ ստեղծված 2011թ.՝ դպրոցահասակ երեխաների համար: Այն ծանոթացնում է բնապահպանությանը եւ երկրաբանությանը: Կազմակերպվում են այցեր քաղաքից դուրս, որտեղ երեխաների հետ գործնական պարապմունքներ են անցկացվում
Թանգարանին կից գործում է «Արթ-վոկալ երգչախումբ», որը բնությանը նվիրված երգեր է կատարում: Երգչախմբի ղեկավարն է Առնո Բարխուդարյանը: Թանգարանը հետաքրքրում է ինչպես դպրոցականներին, այնպես էլ տարեցներին, որոնք եւս հաճախ են այցելում այնտեղ: Հետաքրքիր ծրագրեր կան 4-5 տարեկան երեխաների համար: Օրինակ՝ փղերի համար բնակության բարենպաստ պայմանների ստեղծումը:
Առաջինը, որն ապշեցնում է այցելուին, նախապատմական փղի կմախքն է: «Թանգարանի զարդը դարձած կմախքը հայտնաբերվել էր 1927թ. Գյումրիում՝ «Կազաչի պոստ» կոչվող վայրում:
Ընդ որում՝ հայտնաբերվել է շատ պատահական. շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները մի քանի ոսկոր էին գտել: Հետագա ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այդտեղ փղերի գերեզմանոց է», - պատմում է Գայանե Գրիգորյանը: Ըստ գիտնականների` դա երիտասարդ` 5-6 տարեկան փղի կմախք է: Համարվում է, որ կմախքը 600 հազար տարեկան է: Նախատեսվում են նոր ուսումնասիրություններ, հաշվի առնելով, որ նախորդները վաղուց են արվել:
Հայաստանում փղերի հետքեր առաջին անգամ հայտնաբերվել են նախորդ դարում` Գյումրիի մերձակայքում, Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ժամանակ, Փամբակ եւ Ձորագետ գետերի միացման հատվածում: Հայտնաբերված մնացորդները ցուցադրվել են Պետերբուրգի եւ Թբիլիսիի թանգարաններում: Սակայն ամենահետաքրքիր բացահայտումներն արվել են 1856 թ.` Արեւմտյան Հայաստանի Խնուս քաղաքի մոտ: Այդ խոշոր կենդանին անվանել են Elephas Armenicus` «հայկական փիղ»: Մինչեւ այսօր այդ կմախքը ցուցադրվում է Բրիտանիայի ամենախոշոր թանգարանում` 32250 համարի ներքո, նշում է Գայանե Գրիգորյանը:
Երեւանի տարածքում եւս հայտնաբերվել են փղի կմախքներ` Այնթափում, Մասիսում: Ներկայիս Հայաստանի տարածքում ոչ միայն փղեր են եղել, այլեւ` ազնվացեղ եղջերուներ»:
Թանգարանում ներկայացված են հնագույն բուսական աշխարհի նմուշներ: «Այդ հետքերի շնորհիվ պարզվել է, որ Հայաստանի տարածքում գոյություն են ունեցել պտերի տասնյակ տեսակներ: Այժմ քիչ է` կլիմայի փոփոխության հետեւանքով», - նշում է Գայանե Գրիգորյանը: Թանգարանում մրցույթ է անցկացվել` «Կլիմայի եւ անտառի փոփոխությունները» թեմայով՝ նվիրված Երկրի օրվան: Հաշվի առնելով կլիմայի փոփոխության հարցում մարդու ունեցած մեծ դերը` մի քանի առաջարկներ են եղել, որոնցից մեկը վերաբերել է դատարկ հանքավայրերը փոքր թանգարանների վերածելուն: Դա կօգներ էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայիս Հայաստանի անտառները անցյալում փարթամ են եղել եւ մեծ տարածք են զբաղեցրել: «Դատեք ինքներդ, եթե երկրամասում փղեր են եղել, ապա անտառներն էլ պետք է համապատասխան լինեին: Վառ ապացույցն է ԵՊՀ-ում պահպանվող բունը` այն կարող են գրկել վեց մարդ: Հսկայական ծառի մնացորդները հայտնաբերվել են Որոտան գետի ափին»:
Ցուցադրությունում ներկայացված են նաեւ հնագույն ձկների հետքերը: Դրանց մի մասն արդեն վերացել է, մյուս մասը վերափոխված ձեւով գոյություն ունի նաեւ ներկայումս:
Ցուցատախտակներին կարելի է տեսնել Երկրի զարգացման շրջանները: Քարացած խխունջները՝ պատկառելի չափերից մինչեւ միանգամայն փոքրերը, վկայում են, որ այսօրվա Հայաստանի տարածքը օվկիանոսի հատակ է եղել: Ներկայացված են քարացած մարջանների տարատեսակներ:
Առանձին ցուցատախտակով ներկայացված են Հայաստանի բոլոր հանքանյութերի նմուշները: Եվ, իհարկե, մեր հպարտությունը հանդիսացող հանքային ջրերը:
«Հայաստանը հարուստ է հանքային ջրերով, եւ խիստ կարեւոր է, որպեսզի այցելուները գիտակցեն այդ օգտական հանածոյի՝ ջրի անգին լինելը»:
Ըստ հայրենի եւ արտասահմանցի մասնագետների՝ Հայաստանն ինքնատիպ է երկրաբանական առումով: «Եվ պետք է արժանի տեղ զբաղեցնի որպես երկրաբանական դպրոց: Պարզապես մենք դա մինչեւ վերջ չենք գիտակցում»,- ընդգծելէ Գրիգորյանը:
Ներկայացված են շինարարությունում օգտագործվող մեծ թվով քարատեսակներ՝ տուֆ, բազալտ, օբսիդիան, պերլիտ, գրանիտ, մարմար, տրավերտին, խեցաքար:
Վերջինը շատ հետաքրքիր է այն տեղեկատվության տեսանկյունից, թե քանի անգամ է տեղանքը ջրով ծածկվել: Ներկայացված են նաեւ բնական այլ հարստություններ՝ կերակրի աղ, գիպս, վառվող թերթաքար, տորֆ: Շրջափակման տարիներին հսկայական օգուտ էր բերել Ջաջուռի ածխահանքերը: Ածուխն այնքան էլ բարձրորակ չէ, բայց այն տարիներին անփոխարինելի էր:
Ամենահետաքրքիր նմուշներից մեկը Հայաստանի տարածքում հայտնաբերված փոքր քանակությամբ նավթն է: «Նավթի հանքավայրեր որոնել են բազմիցս, սակայն արդյունաբերական ծավալով չի հաջողվել դրանք հայտնաբերել: Նավթը հայտնաբերվել է Արարատյան դաշտավայրում` Հոկտեմբերյան քաղաքի տարածքում (ներկայիս Արմավիրը)` 300 մ խորությունում: Որպես մասնագետ` ուրախ եմ, որ Հայաստանում նավթ չկա, քանի որ հանքավայրի համար պետք է տարածք տրամադրվեր, իսկ հանրապետության մակերեսն առանց դրա էլ մեծ չէ», - նշում է Գայանե Գրիգորյանը:
Հայաստանը հարուստ է մետաղական օգտակար մետաղներով: Առաջին հերթին` մոլիբդեն, պղինձ: Թանգարանում ցուցանմուշներ կան Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի հանքավայրից: Լայն տարածում ունեն կավահողերը: «Դրանց դերը մեծ է մեր կյանքում` հեռավոր անցյալից մինչեւ մեր օրերը: Գրեթե բոլոր բնագավառներում այն շատ է կիրառվել: Կերակրի կավ, օճառի կավ, որպես կլանիչ օգտագործվող կավ, որը հենց Հայաստանն է մատակարարել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին: Բետոնիտային կավում էլ հաճախ գեղեցիկ ագաթներ են հանդիպում», - պատմում է թանգարանի տնօրենը:
2012 թ. սեպտեմբերից թանգարանում նոր սրահ է բացվել: Այն կրում է հավաքածուի սեփականատիրոջ` ամերիկացի քիմիկոս-տեխնոլոգ Արա Դիլդիլյանի անունը, որը ծագումով Արեւմտյան Հայաստանից էր: Այստեղ ներկայացված են աշխարհի քարերը: Արա Դիլդիլյանն իր կյանքի ընթացքում մեծ սիրով կուտակել է հավաքածուն եւ մահից հետո այն կտակել է Հայաստանի երկրաբանական թանգարանին: Իր կենդանության օրոք Արա Դիլդիլյանը չի ցանկացել դա անել` խուսափելով շնորհակալական խոսքերից: Նա ցանկացել է, որպեսզի հավաքածուն դասագիրք դառնա հայ երիտասարդության համար: Թանգարանում տնօրենի ջանքերով էկո-ակումբ է հիմնվել, որն զբաղվում է ճանաչողական աշխատանքներով:
Այդ սրահում պահպանվում է թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը` երկնաքարը: Այն 37 կգ է եւ Երկրաբանական ինստիտուտին է նվիրվել 1947 թ.: Երկնաքարը հայտնաբերվել էր Սիխոտե-Ալինում:
«Հավաքածուում հատուկ տեղ են զբաղեցնում կվարց խմբի հանքանյութերը», - նշում է թանգարանի տնօրենը: Կա նաեւ հազվադեպ հանդիպող հերքիմեր ադամանդ: «Երբ այն հայտնաբերեցին, ադամանդ անվանեցին: Սակայն հետո պարզեցին՝ ինչն ինչոց է, եւ վերանվանեցին: Դա կվարցի տարատեսակ է»:
Կան ցուցանմուշներ Հայաստանից: Դրանց շարքում են նմուշներ փիրուզի հանքավայրից, կերակրի աղի գեղեցիկ բյուրեղներ: «Ըստ լեգենդի` դա Անահիտ աստվածուհու պարգեւն է, որը մարդիկ օգտագործում են իրենց կյանքի ընթացքում», - բացատրում է Գայանե Գրիգորյանը: «Պիրիտը (ծծմբի կամ երկաթի հրաքար) փայլի համար անվանում են «հիմարների ոսկի»: Ի տարբերություն պիրիտի` իսկական ոսկին որպես կանոն չի փայլում, այլ այն փայլը ձեռք է բերում մշակման գործընթացում»:
Սրահում ներկայացված է նռնաքարերի հարուստ տեսականի: Սովորաբար կարծում են, որ նռնաքարերը միայն նռնագույն են: Այդպես չէ: Կան սպիտակից մինչեւ սեւ նռնաքարեր, որոնցից յուրաքանչյուրն իր անվանումն ունի: Ամենաթանկը կանաչ նռնաքարն է:
Առանձին ցուցափեղկով ներկայացված են հայկական գունագեղ քարերը: «Քրոմ-երկօքսիդը, որը շփոթում են զմրուխտի հետ, մեղեսիկ, փիրուզ: Շատ երկրաբաններ հաստատում են, որ Հայաստանի տարածքում հանքաքարեր են գտել, որոնք չեն տեսել աշխարհի ամենահարուստ թանգարաններում»:
Սրահում ներկայացված է հավաքածուի կեսը: «Հարցը միայն այն չէ, որ իրատեսական չէր լինի ամբողջը ներկայացնել բավարար մակերես չունենալու պատճառով: Մենք պարբերաբար թարմացնում ենք ցուցադրությունը», - նշում է Գայանե Գրիգորյանը:
Հետաքրքրասեր այցելուները կարող են ցուցափեղկերում տեսնել ոսկու տարատեսակներ, պղնձե «ճյուղեր» եւ բյուրեղյա գոյացություններ: Հազվադեպ հանդիպող հանքաքարերից ներկայացված է ալեքսանդրիտը: «Ցանկացած թանկարժեք քար կարող է ներկայացվել ինչպես թափանցիկ տարբերակով, այնպես էլ` անթափանց: Որքան թափանցիկ է քարը եւ գույնը խիտ, այնքան այն ավելի թանկ է», - նշում է Գայանե Գրիգորյանը:
Թանգարանը գիտական կենտրոն է, որտեղ գիտելիքներ են ստանում եւ աշակերտները, եւ երկրաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի, եւ էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները: Թանգարանը մեծ լաբորատորիա է, որտեղ ցուցանմուշները կարելի է ոչ միայն դիտել, այլեւ շոշափել եւ ուսումնասիրել: