Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական գերեզմանները անվնաս են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ-ի մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում պատմամշակութային հուշարձանների հաշվառման գործընթացը սկսել է 2003թ. եւ շարունակվում է մինչ օրս: Տվյալ պահին մոտ 10 հազար պատմամշակութային հուշարձան է հաշվվում: «Դա բավականին բարդ եւ աշխատատար աշխատանք է: Հայաստանում պատմամշակութային հուշարձանների հաշվառումը սկսել է անցյալ դարի 30-ական թթ., իսկ Ղարաբաղում՝ 1988թ.-ից, սակայն որոշ ժամանակ ընդհատվել եւ 2003թ. վերսկսվել է», - նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ տարածքում գտնվող ադրբեջանական գերեզմաններին, ապա, Հովհաննիսյանի խոսքով՝ ի տարբերություն, Նախիջեւանում հայկական տապանաքար-խաչքարերի, դրանք անվնաս եւ ապահով են: Բացի այդ, հանրապետության տարածքում կան մուսուլմանական հուշաքարեր, ինչպես նաեւ տարբեր քոչվոր ցեղերի կողմից թողնված հուշարձաններ: «Օրինակ, Վանոցագյուղում, որը գտնվում է Քաշաթաղի շրջանում, 14-րդ եւ 15-րդ դարերում կառուցած երկու դամբարան կա, որտեղ հանգչում են սելջուկների առաջնորդները: Այս երկու դամբարանները իրենց ճարտարապետական կառույցով շատ նման են հայկական եկեղեցիներին, գմբեթին միայն խաչն է պակասում: Այդ դամբարանները պահպանվում են՝ որպես պատմամշակութային հուշարձաններ»,- ամփոփեց ԼՂՀ-ի մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: