Րոպեներ առաջ Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է «Asbarez» պարբերականը:
Չորեքշաբթի քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:
Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: