News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձեւ ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ եւ անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորեւ բերվում է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը:

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, եւ որը 1921 թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից եւ բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը եւ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաեւ 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին  եւ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ  1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, եւ 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսեւորվել է վերջերս՝ 2012 թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ եւ թափանցիկ:

Քալիֆորնիա նահանգի Վեհաժողովը եւ Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս եւ սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը:

Այնուհետեւ որոշել են, որ Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ  նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը:

Այնուհետեւ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձեւի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Քալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին եւ Քալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ