Մեծ Բրիտանիայում Թագավորական ռազմածովային նավատորմի զինծառայողին մեղադրել են Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելուն նախապատրաստվելու մեջ, հաղորդում է BBC News-ը։
24-ամյա նավաստին դատարանի առաջ է կանգնել, երբ նրան մեղադրանքներ են առաջադրել 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքով։
Ինչպես նշվում է, նավաստի Թեդդի Յանգը, որը մասնագիտացած էր ռազմածովային գործողությունների հետախուզության ոլորտում, ծառայության ընթացքում ստացված բրիտանական պաշտպանության և հետախուզական գերատեսչությունների նյութերը պահել է և պատրաստվել պաշտպանված տեղեկությունները փոխանցել օտար պետության։
BBC-ի տվյալներով՝ Յանգի դեմ առաջադրված մեղադրանքների թվում է հաղորդագրության թարգմանությունը ռուսերեն և ինտերնետային պորտալի որոնումը, որի միջոցով առաջարկվում էր տեղեկություններ փոխանցել Ռուսաստանին։
Հինգշաբթի Յանգը ներկայացել է Վեստմինսթերի մագիստրատական դատարան։ Նրան առաջադրվել է երկու մեղադրանք՝ պաշտպանված տեղեկությունների բացահայտմանը նախապատրաստվելու և նման տեղեկություններ ձեռք բերելու, պատճենելու, գրանցելու կամ պահելու համար՝ դրանք օտար պետության շահերից ելնելով օգտագործելու մտադրությամբ։
Դատախազության տվյալներով՝ ենթադրյալ խախտումները վերաբերում են 2024 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2025 թվականի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածին։
«Թեդդի Սթենլի Գրինիջ Յանգը, որը ծառայում էր Թագավորական ռազմածովային նավատորմում որպես բարձր մակարդակի թույլտվությամբ և հետախուզական համակարգերին հասանելիությամբ հետախուզության մասնագետ, ստացել և պահպանել է բրիտանական պաշտպանության և հետախուզության գաղտնի նյութեր և կատարել է գործողություններ, որոնք համապատասխանում են օտար պետության պաշտպանված տեղեկությունները փոխանցելուն նախապատրաստվելուն»,- ասվում է մեղադրանքների գրավոր շարադրանքում։
Յանգը ձերբակալվել է երեքշաբթի իր բնակության վայրում՝ Բեդֆորդշիր կոմսությունում։ Նա դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին զինծառայողը, որին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքով։
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Հելեն Ֆլանագանը մեղադրանքները «շատ լուրջ» է անվանել։ Նա նշել է, որ քննիչները սերտորեն համագործակցել են Պաշտպանության նախարարության հետ՝ գործի հետ կապված հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։
Թագավորական ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը հաստատել է, որ զինծառայողին մեղադրանքներ են առաջադրվել, սակայն հրաժարվել է հետագա մեկնաբանություններից՝ շարունակվող դատական վարույթի պատճառով։
Ոստիկանությունն առանձին ընդգծել է, որ Յանգի գործը կապ չունի վերջերս Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Ֆեյրֆորդ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպի հետ։ Բազայի մոտ կասկածելի ակտիվության մասին հաղորդումներից հետո այդ գործով յոթ մարդ էր ձերբակալվել, սակայն հետագայում նրանց գրավի դիմաց ազատ էին արձակել։
Դատավոր Աննաբել Փիլլին որոշել է Յանգին թողնել կալանքի տակ։ Նրա գործով հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Օլդ Բեյլի քրեական դատարանում։




























