Դանիան հինգշաբթի կներկայացնի օրինագիծ, որը կարգելի մարդկանց դեմքի պատկերով կամ ձայնով իրատեսական դիպֆեյքերի տարածումն առանց նրանց համաձայնության, հայտնում է Euronews-ը։

Հեղինակային իրավունքի մասին օրենսդրության փոփոխությունները պետք է պաշտպանեն ինչպես սովորական քաղաքացիներին, այնպես էլ արտիստներին՝ նրանց արտաքինի, ձայնի և ելույթների չարտոնված օգտագործումից։

Դիպֆեյքեր են կոչվում պատկերները, տեսանյութերը կամ աուդիոձայնագրությունները, որոնք ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության օգնությամբ այնպես, որ մարդը երևա կամ հնչի այնպես, ասես կատարում է գործողություններ կամ ասում է խոսքեր, որոնք իրականում չեն եղել։ Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել կեղծ տեղեկություններ տարածելու կամ մարդկանց նվաստացնելու համար։

«Արհեստական բանականության օգնությամբ կարելի է ընդամենը մի քանի սեղմումով փոփոխված տեսանյութեր և պատկերներ ստեղծել ու տարածել դրանք սոցիալական ցանցերում»,- հայտարարել է Դանիայի մշակույթի նախարար Զենիա Ստամպեն։

Նա նշել է, որ օրինագծի գլխավոր նպատակներից մեկը տեխնոլոգիական ընկերություններից նման բովանդակության արագ հեռացման հասնելն է, որպեսզի հնարավոր վնասը հասցվի նվազագույնի։

Նախաձեռնությունը դարձավ 2025 թվականի հունիսին Դանիայում ձեռք բերված քաղաքական համաձայնության շարունակությունը։ Եթե օրենքն ընդունվի, ակնկալվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սկզբին։

Միևնույն ժամանակ առաջարկվող կանոնները չեն տարածվի երգիծանքի, պարոդիայի, ծաղրանկարի և իշխանության ու հասարակության քննադատության վրա։ Սակայն այդ բացառությունները չեն գործի ապատեղեկատվության դեպքում, որը լուրջ սպառնալիք է ստեղծում մարդկանց իրավունքների, կյանքի, սեփականության կամ այլ կարևոր շահերի համար։

Եվրոպայի այլ երկրներում արդեն դիպֆեյքերի վերաբերյալ առանձին սահմանափակումներ են գործում։ Օրինակ՝ Ֆրանսիայում արգելվում է առանց մարդու համաձայնության արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ կամ աուդիոնյութեր տարածել, երբ նյութի արհեստական ծագումը ակնհայտ չէ կամ նշված չէ։ Մեծ Բրիտանիայում փետրվարից առանց մարդու համաձայնության ինտիմ դիպֆեյքերի ստեղծումը կամ պատվիրումը քրեական հանցագործություն է համարվում։