Գերմանիայում ձերբակալել են չորս մարդու՝ ամբողջ Գերմանիայում գործող փողերի լվացման ցանցին մասնակցելու կասկածանքով։ Քննության վարկածով՝ այն ղեկավարում էր 72-ամյա մի կին, որը հանցագործներին ապօրինի ստացված միջոցների օրինականացման ծառայություններ էր առաջարկում, հաղորդում է dpa-ն։
Գործողությունը չորեքշաբթի իրականացվել է միաժամանակ Գերմանիայի յոթ դաշնային երկրամասերում։ Ոստիկանությունը և մաքսային քննիչները խուզարկություններ են անցկացրել ավելի քան 30 հասցեներում՝ ներգրավելով մոտ 300 աշխատակցի, հայտնել են Շտուտգարտի դատախազությունն ու մաքսային վարչությունը։
Գլխավոր կասկածյալին ձերբակալել են Շտուտգարտի շրջանում։ Քննությունը կարծում է, որ կինը ղեկավարում էր ամբողջ Գերմանիայում գործող ցանցը և մի քանի կեղծ անձնավորության տվյալներ էր օգտագործում։
Եվս երեք ենթադրյալ մասնակից ձերբակալվել են Շտուտգարտի շրջանում, Համբուրգում և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Լիպպեի շրջանում։ Բոլոր չորսի նկատմամբ, կալանքի հրամանագրեր արձակելուց հետո, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Քննության տվյալներով՝ կասկածյալները Գերմանիայում և այլ երկրներում բազմաթիվ բանկային հաշիվներից կազմված բարդ համակարգ էին ստեղծել, ինչպես նաև օգտագործում էին մի քանի մեկօրյա ընկերություններ։ Իրավապահների կարծիքով՝ այդ հաշիվների միջոցով նրանք խարդախության արդյունքում ստացված մի քանի հարյուր հազար եվրո են փոխանցել։
Քննիչները խմբին կասկածում են նաև հանցագործներին այլ ծառայություններ մատուցելու մեջ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է թմրանյութերի ներմուծման լոգիստիկային և կեղծ հաշիվ-ապրանքագրերի ձևակերպմանը, որոնք կարող էին օգտագործվել անօրինական զբաղվածությունը և հարկերից խուսափելը քողարկելու նպատակով։
Խուզարկությունների ընթացքում իրավապահներն առգրավել են տարբեր ապացույցներ, դրանց թվում՝ մոտ 75 հազար եվրո կանխիկ գումար։ Բացի դրանից, հայտնաբերվել են երկու հրազեն և ռազմամթերք։
Հետաքննությունը շարունակվում է։ Բոլոր կասկածյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը դատարանում չի ապացուցվել։





























