Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 6629 մարդ։ Դրա մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը՝ ամփոփելով շարունակվող ակցիաների արդյունքները, հաղորդում է BFMTV-ն։

Երեքշաբթի երեկոյի դրությամբ, ըստ նախարարի, բողոքի ցույցերի հետևանքով տուժել է 761 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև 215 աշակերտ և դպրոցների 89 աշխատակից։

Ֆրանսիացի դպրոցականների զանգվածային ակցիաներն ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով, հրկիզումներով և դպրոցական շենքերի վնասմամբ։ Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները մի շարք միջադեպերից հետո, որոնց հետևանքով տուժել են ինչպես բողոքի ակցիաների մասնակիցները, այնպես էլ ոստիկանության աշխատակիցները։

Ավելի վաղ ներքին գործերի նախարարը հայտարարել էր դպրոցների մոտ անցկացվող ակցիաների ժամանակ լուսաձայնային նռնակների կիրառումը դադարեցնելու մասին, երբ Լանս քաղաքում բողոքի ցույցի ընթացքում 15-ամյա դեռահասը ձեռքի ծանր վնասվածք էր ստացել։ Միջադեպի հանգամանքները քննվում են։

Բողոքի ցույցերն ընդգրկել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ ամբողջ Ֆրանսիայում։ Իշխանությունները միաժամանակ փորձում են ապահովել աշակերտների և դպրոցների աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև կանխել անկարգությունների հետագա տարածումը։