Առնվազն մեկ մարդ է զոհվել, ութ բեռնատար վնասվել է հոկտեմբերի 8-ի առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Վրաստանի սահմանի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով, հայտնում է Anadolu-ն։

Սողանքը տեղի է ունեցել Արտվին նահանգի Հոպա քաղաքի Էսենքըյը շրջանում՝ Սևծովյան առափնյա մայրուղում։ Լեռնալանջից պոկվել են խոշոր քարեր և հողի զանգված, որոնք թափվել են բեռնատարների կայանատեղիի վրա։ Նախնական տվյալներով՝ վնասվել է ութ բեռնատար, մեկ ավտոցիստեռն էլ շրջվել է։

Զոհվածը 45-ամյա վարորդ Քասըմ Թոփալօղլուն էր։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ փլուզման սկսվելուց հետո տղամարդը փորձել է փրկել իր բեռնատարը։ Նրա կողքին գտնվող քարը հարվածել է վարորդին, և նա տեղում մահացել է։

Դեպքից հետո փլուզման վայր են ուղարկվել Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), ժանդարմերիայի, ոստիկանության, հրշեջների և շտապօգնության ստորաբաժանումներ։ Բեռնատարների կայանատեղին տարհանվել է, իսկ փրկարարական ու մաքրման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով նոր փլուզումների վտանգը։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ որոշ ժամանակ անց նույն հատվածում տեղի է ունեցել կրկնակի փլուզում։ Տարածքը շարունակում է վտանգավոր մնալ աշխատանքներ իրականացնելու համար։

Մայրուղին Հոպայով անցնում է դեպի Քեմալփաշա և Սարփ սահմանային անցակետ՝ Թուրքիայի և Վրաստանի սահմանին, ուստի այս հատվածը մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև բեռնափոխադրումների տարանցման համար։