Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի արտահանմանը։ «Ընդ որում, ԵՄ-ն խոստացել է վնասը փոխհատուցել ընդամենը 50 միլիոն եվրոյով և արտոնյալ պայմաններ է տրամադրել ընդամենը երկու տարով»,- նշել է Մանասերյանը։

Փորձագետի կարծիքով՝ մինչ փոքր բիզնեսը կհարմարվի այդ պայմաններին, բոլոր ժամկետներն էլ կավարտվեն։ Նա հավելել է, որ այս ֆոնին անամոթ սուտ է տարածվում. «Վերին Լարսը» փաստացի փակվել է, բայց ասում են, թե ապրանքներն ուրիշ տեղ կվաճառեն, մինչդեռ այդպես էլ ոչ մի այլընտրանք չի գտնվել։

«Հենց սկսեցին խոսել դիվերսիֆիկացման մասին, կախվածությունն ավելի մեծացավ։ Ի՞նչ ենք անում էներգետիկ անվտանգության հարցում։ Արդյո՞ք ազնիվ ենք վարվում Եվրոպայի հետ։ Եվրոպացիների առջև արդեն 9 տարի է (2017 թվականի նոյեմբերից՝ SEPA-ի շրջանակում), ինչ պարտավորվել ենք ապամոնտաժել ատոմակայանը։ Պարտավորվել ենք հայկական կոնյակի ռեբրենդինգ անել։ Ինչո՞ւ ԵՄ-ն պետք է ազատականացնի վիզաների ռեժիմը Հայաստանի հետ, եթե մենք նրանց հետ ազնիվ չենք։ Մենք բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ունենք»,- նշել է Մանասերյանը։