ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։

Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրից բխող նախարարության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով երկու երկրների կառավարությունների միջև տեխնոլոգիական ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ արհեստական բանականության (AI), տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։

Կողմերը կարևորել են համատեղ ստարտափային ֆորումների և համաժողովների կազմակերպումն ու մասնակցությունը, այդ թվում՝ «Seaside Startup Summit»-ը Եգիպտոսում անցկացնելու հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների ոլորտային ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը, Եգիպտոսում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ հետագա քայլերին, ինչպես նաև տեխնոլոգիական կարողությունների զարգացման նպատակով փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ծրագրերի իրականացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա տարիների համար տեխնոլոգիական տարբեր ուղղություններով ձևավորել համագործակցության հստակ օրակարգ և համատեղ աշխատել այն իրականացնելու ուղղությամբ։