Հայաստանում առաջացած բիտումի դեֆիցիտն ու կտրուկ թանկացումը լուրջ խոչընդոտներ են ստեղծում ճանապարհաշինարարական աշխատանքների բնականոն ընթացքի համար։ NEWS.am–ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Ճանապարհ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը։

Նրա խոսքով՝ շուկայում առաջացած պահանջարկը բավարարելը ներկայումս գրեթե անհնար է, քանի որ ներկրման ծավալները կտրուկ նվազել են, իսկ ոլորտի բոլոր ընկերություններն ունեն այդ հումքի կարիքը։

«Ճանապարհ» ՍՊԸ–ին ամսական անհրաժեշտ է 2000–ից մինչև 3000 տոննա հումք, սակայն վերջին մեկուկես ամսում նրանց հաջողվել է ձեռք բերել ընդամենը 4 մեքենա՝ մոտ 100 տոննա բիտում։ Սա բավարար է ընդամենը 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար, այնինչ ընկերությունն ունի 30 կիլոմետրի աշխատանք։

«Այս պահին աշխատանքներ է իրականացնում Աբովյան–Արզնի ճանապարհահատվածում, որի ընթացքը դանդաղել է։ Այսօր, օրինակ, ընդամենը 1 մեքենա բիտում ենք ստացել։ Եթե հնարավորություն լիներ ամեն օր 3-4 մեքենա ստանալ, շատ լավ կլիներ, և ասֆալտապատման աշխատանքները կընթանային իրենց հունով»,– նշեց Բեզոյանը։

Բեզոյանը կարծում է, որ ներկրման ձգձգումները կապված են Իրանում տիրող ներկայիս ճգնաժամային իրավիճակի և անցակետերում առաջացած խնդիրների հետ։

«Հայաստանյան շուկա բիտում ներկրվում է բացառապես Իրանից, մինչդեռ իմ փորձից ելնելով՝ ռուսական արտադրանքն իր որակական հատկանիշներով ավելի բարձր է, քան իրանականը»,– նշեց Բեզոյանը։

Խոսելով շուկայում առկա գնային փոփոխությունների մասին՝ Բեզոյանը փաստեց, որ բիտումի տեղափոխման ծավալներն ու գները զգալիորեն աճել են. «Մեկ մեքենան տեղափոխում է մոտ 22-23 տոննա բիտում։ Եթե նախկինում մեկ տոննայի արժեքը 420-450 դոլար էր, ապա հիմա այն հասել է 600 և ավելի դոլարի»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ բիտումի ներկրման գործընթացում այս պահին դժվարություններ չկան, իսկ ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են բնականոն կերպով։