Եմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիային պատկանող թուրքական արտադրության Bayraktar Akinci անօդաչու թռչող սարք են խոցել Թաիզ նահանգի երկնքում, հաղորդում է Mehr-ը։
Ինչպես հայտնել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, անօդաչուն հետախուզահարվածային առաքելություն էր իրականացնում Թաիզ նահանգի օդային տարածքում։ Նրա խոսքով՝ սարքը խոցվել ու վայր է ընկել այդ նպատակի համար նախատեսված համապատասխան զինատեսակով։
Սարիան չի հստակեցրել, թե հատկապես ինչ միջոց է կիրառվել ԱԹՍ-ն ոչնչացնելու համար, ինչպես նաև հավելյալ մանրամասներ չի հայտնել դրա ընկնելու վայրի կամ իրականացվող առաքելության բնույթի մասին։
Bayraktar Akinci-ն թուրքական ծանր անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է հետախուզության և հարվածներ հասցնելու համար։ Այն ընդունակ է կրել տարբեր տեսակի սպառազինություն և կիրառվում է մի շարք երկրների կողմից։





























