Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Թուրքմենստան, հաղորդում է РИА Новости-ն։

Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքմենբաշի քաղաքի միջազգային օդանավակայանում։

Պուտինը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։ Միջոցառումները անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Թուրքմենբաշիից ոչ հեռու։

Այսօր Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունները։

Ուրբաթ օրը նախատեսված են Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ըստ առկա տեղեկությունների՝ այցի արդյունքներով Պուտինի մամուլի ասուլիս չի նախատեսվում։