Եվրամիությունն ու Կանադան մտադիր են հայտարարել «ապագայի դաշինքի» ստեղծման մասին հոկտեմբերի 29–30-ը Մոնրեալում կայանալիք գագաթնաժողովում, հայտնում է The Guardian-ը։
Կողմերը նախատեսում են կնքել մի շարք համաձայնագրեր թվային առևտրի և տնտեսության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը կենսական նշանակություն ունեցող հումքային նյութերի, Արկտիկայի և մարդկանց միջև փոխանակումների բնագավառում։
Գագաթնաժողովի վերջնական հայտարարության նախագիծը, որին ծանոթացել է բրիտանական The Guardian պարբերականը, նախատեսում է ԵՄ-ի և Կանադայի միջև ավելի խոր և ինտեգրված հարաբերությունների ձևավորում։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում չի օգտագործվում «ասոցացված անդամակցություն» բառակապակցությունը, որի քննարկումն անսպասելիորեն սեպտեմբերին առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այդ հասկացությունը ԵՄ պայմանագրերում իրավական կարգավիճակ չունի, իսկ Կանադայի կառավարությունը, ըստ պարբերականի, ձգտել է հեռու մնալ նման ձևակերպումից։
Դրա փոխարեն Բրյուսելն ու Օտտավան մտադիր են միանգամից մի քանի ուղղությամբ ընդլայնել գործնական համագործակցությունը։ Հայտարարության նախագծում ասվում է. «Մեր գործընկերությունը կարող է օրինակ դառնալ այն այլ երկրների համար, որոնք ընկերություն են փնտրում բարդ աշխարհում»։
Ամենակոնկրետ որոշումներից մեկը պետք է լինի կանադական De Havilland ընկերությունից 50 ամֆիբիա ինքնաթիռների համատեղ գնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Նախատեսվում է դրանք մատակարարել մինչև 2030 թվականը՝ Կանադայում և ԵՄ երկրներում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։
Կանադան կարող է նաև հասանելիություն ստանալ մի շարք առանցքային եվրոպական ծրագրերի։ Կողմերը մտադիր են բանակցություններ սկսել Horizon հետազոտական ծրագրին, Erasmus+ կրթական ծրագրին և Galileo արբանյակային նավիգացիոն համակարգին նրա մասնակցության վերաբերյալ։
Բացի դրանից, ԵՄ-ն և Կանադան նախատեսում են ուսումնասիրել Եվրոպա կանադական հեղուկացված բնական գազի և կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի մատակարարումների հնարավորությունները։
Կողմերը մտադիր են առանձին ուշադրություն հատկացնել տեխնոլոգիաներին և ենթակառուցվածքին։ Ծրագրերում են՝ արհեստական բանականության անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը և նոր ստորջրյա հաղորդակցությունների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, որոնք կարող են կապել Եվրոպան, Կանադան և Ասիան։
ԵՄ-ն և Կանադան միաժամանակ պատրաստվում են ընդլայնել աշխատուժի շարժունակությունը, այդ թվում՝ նվազեցնել խոչընդոտները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում աշխատել ցանկացող երիտասարդ մասնագետների և որակավորված աշխատողների համար։
Ակնկալվում է, որ համագործակցության նոր ձևաչափն ուշադիր կուսումնասիրեն Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, որոնք շահագրգռված են Եվրամիության հետ ավելի սերտ կապերով։





























