Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալվել է ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, Պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի եւ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ Փիթըր Քութուջյանը շրջայց է կատարել Հայաստանի փաստաբանների պալատի շենքով, ծանոթացել պայմաններին:
ԱՄՆ-ից ժամանած հյուրը հանդիպում է ունեցել հայ փաստաբանների հետ, ներկայացրել այն գործառույթները, որոնք իրականացնում է իր աշխատանքի շրջանակներում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է շերիֆ Քութուջյանի այցը Հայաստան եւ Փաստաբանների պալատ:
Փիթըր Քութուջյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոսել այն ճանապարհի մասին, որը նրան հասցրել է այդ պաշտոնին: Ըստ Քութուջյանի նա աշխատել է որպես հանրային պաշտպան, այնուհետեւ՝ դատախազ: Նա նշել է, որ գնահատում է այն հանգամանքը, որ մարդիկ օգնում են միմյանց: Նրա խոսքով՝ իր աշխատանքում հաճախ է հանդիպում դատապարտյալների հանդեպ բռնության դեպքերի, որոնց կանխման համար ջանք ու եռանդ չի խնայում: Նրա գործառույթների մեջ է մտնում նաեւ դատապարտյալներին մասնագիտությամբ ապահովելը կամ նրանց համար հարմար աշխատանք գտնելը:
Հանդիպման ընթացքում հայ փաստաբանները Փիթըր Քութոջյանի հետ քննարկել են մասնագիտական բազմաթիվ հարցեր՝ հիմնականում խոսվել է հայ-ամերիկյան իրավական դաշտի հարաբերությունների մասին: