Թուրքական T24 կայքի հիմնադիր, լրագրող Էնգին Այդընը եւ պրոֆեսոր, Taraf պարբերականի գլխավոր սյունակագիր Մուրադ Բելգեն նամակ են ստացել, թե իրենց սպանության մասին որոշում է կայացվել:
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան, T24 կայքի խմբագրության դռան մոտ ծրար է նկատվել, որի պարունակության մեջ եղել է նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկություն:
Նամակի մեջ նշվել է Էնգին Այդընի եւ Մուրադ Բելգեի անունները: Անունների տակ գրվել է, թե հիշյալ երկու հոգու սպանության համար արդեն որոշում է կայացվել եւ մնում է սպանության օրը որոշեն: Նամակի հեղինակը շեշտել է, թե ինքը հայրենասեր է եւ սխալ է համարում, որ ուզում են սպանել երկու թուրք մտավորականներին:
Նշենք, որ օրեր առաջ թուրք մտավորականները քննադատել էին դպրոցական դասագրքերում հայերին վիրավորող ձեւակերպումները եւ կոչ արել ներողություն խնդրել հայ աշակերտներից եւ շտապ հեռացնել դրանք դասագրքերից: Մուրադ Բելգեն եւ Էնգին Այդընը հիշյալ կոչի տակ ստորագրող մտավորականներից են: