News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վ. Տերյան 23 եւ 21  եւ Ե.Կողբացի փողոցների շենքերը, չնայած կառավարության ընդունած որոշման հիման վրա ճանաչվել են գերակա շահ, սակայն բնակիչները չեն պատրաստվում իրենց բնակարանները զիջել՝ անգամ արյան գնով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասացին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները:

«Մենք մեր տներից դուրս չենք գալու, այ կգան կարմիր բերետավորներ, ոստիկաններ, միգուցե ոմանք մեզանից զոհվեն, բայց, միեւնույնն է, ավելի լավ է՝ մարդ պատվով մահանա, քան անարժանապատիվ ստրուկի նման տարիներ շարունակ ապրի եւ սպասի, թե երբ են որոշելու իրենց տնից հանել»,- ասաց Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։

Նկարիչ Վարդան Գաբրիելյանի խոսքով, բոլոր այն շենքերին, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում, սպասվում է նույն ճակատագիրը, եւ այսօր իրենք ուզում են զգուշացնել մարդկանց, որ ցանկացած պահի իրենց շենքը կարող է գերակա շահ ճանաչվել կառավարության կողմից:

«Մենք ուզում ենք նախազգուշացնել, որ այս ամենը սպասվում է նաեւ իրենց, նրանք, ովքեր ապրում են հին շենքերում, լավ տեղերում, խաչմերուկներում, իրենց շենքերը վտանգված են, որովհետեւ կառավարությունը ցանկացած ժամանակ կարող է, ասենք, օրինակ Սայաթ-Նովա- Աբովյան փողոցի ցանկացած շենք ճանաչի գերակա շահ եւ քանդի»,- ասաց նկարիչ Վարդան Գաբրիելյանը:

Վարդան Գերավետյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ արդեն երրորդ դատական գործընթացն է ընթանում Տերյան 23, 21 եւ Կողբացի փողոցների շենքերը որպես գերակա շահ ճանաչելու կառավարության որոշման դեմ բողոքելը միեւնույնն է նրանք չեն ընկրկելու:

«Անկախ դատարանի որոշումներից, անկախ կեղծիքներից, կլինի դա կառավարության մակարդակով, թե ինչ, մենք պատրաստ ենք մարտնչել  մեր շենքերի համար: Եթե մեր բնակիչներից ինչ-որ մեկին վնաս հասցվի, մենք պատրաստ ենք համարժեք վնաս տալ»,- ասաց Վարդան Գերավետյանը՝ նշելով, որ իրենք չեն հրաժարվի անգամ առճակատումից:

Խոսելով քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում կառուցված  բարձրահարկ շինությունների մասին, որոնք կառուցվել են այնտեղ ապրող մարդկանց տները ստիպողաբար գնելու հաշվին, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նշեց, որ այն վերածվել է անմարդաբնակ տարածքի:

«Այդքան մարդկանց ձեռքից խլեցին իրենց տները եւ կառուցեցին այդ Հյուսիսային պողոտան, որտեղ հատեցին բոլոր ծառերը եւ հիմա ամառվա տապին այնտեղ անգամ հնարավոր չէ նստել կամ զբոսնել: Եթե նկատենք, այնտեղ անգամ բնակարանները բնակեցված չեն, եւ այն կարծես անմարդաբնակ մի շրջան լինի քաղաքի կենտրոնում»,- ասաց Վարդան Գերավետյանը՝ նշելով, որ հիանալի է, որ մարդիկ չեն ապրում այնտեղ, քանի որ կենտրոնը ուղղակի կոլապսի կվերածվեր այդ բնակիչների ավտոմեքնենաների պատճառով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ