News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին եւ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը եւ Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը:

Իր ելույթում Տիկին Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեց, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաեւ դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսեւորում: Նա ընդգծեց նաեւ, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի եւ պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին եւ իշխանություններին այս կարեւոր եւ պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում եւ եւս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության եւ մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության եւ ճշմարտության հաստատման դեմ:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետեւ պատմական Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Partner news