Երևանի Կենտրոն համայնքի աղբահանությունը միջազգային օպերատորին՝ «Սանիտեկ» ընկերությանը փոխանցելուց հետո լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտից հավաքվել են նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելու իրենց վերջնահաշվարկը եւ արձակուրդային աշխատավարձերը:
«Դեկտեմբերից խաբեցին, ասեցին գնացեք, կվճարենք, բայց չեն վճարում: Եթե մեր գումարները չտան, այստեղից չենք հեռանա»,-ասացին վրդովված աշխատակիցները:
Նրանցից ոմանք նշում են, որ պատրաստ են նստացույց սկսել նախագահական նստավայրի մոտ, փակել Բաղրամյան պողոտան, եթե խնդիրը կարճ ժամանակում լուծում չստանա:
Աշխատակիցները նախքան այս դիմել են քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ գումարները կվճարեն միայն այն ժամանակ, երբ վաճառվեն «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ աղբահանության մեքենաները: Նրանք մտավախություն ունեն, որ աշխատավարձերն այդպես էլ չեն վճարվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am