News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ հունվարի 29-ին, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով «Տոյոտա կորոլա» ոստիկանական մեքենայում փորձարարություն անցկացվեց՝ պարզելու համար՝ արդյոք հնարավոր էր, որ Կիվիրյանին բերման ենթարկելիս ավտոմեքենայի ղեկին նստած անձը հայելու միջով տեսներ, թե ինչպես է Կիվիրյանը կծում տուժող Վրթանեսյանի բազուկը եւ ինքնավնասում կատարում՝ դեմքը մեքենայի դռան բռնակին հարվածելով:

ՃՈ 1-ին գումարտակի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Էվինյանը հանդես եկավ որպես ենթադրյալ վկա, իսկ դատական կարգադրիչ Գրիգորյանը՝ որպես ենթադրյալ տուժող։ Ենթադրյալ վկան սրահի հետին տեսանելիության հայելին տարբեր դիրքերով շարժելով, ինչպես նաեւ նստատեղի եւ իր դիրքը փոփոխելու միջոցով արձանագրեց, որ ենթադրյալ տուժողի բազկի շրջանը եւ Կիվիրյանի բերանի հատվածը չեն երեւում։ Կիվիրյանը նաեւ փորձեց գլուխը մոտեցնել ավտոմեքենայի բռնակի հատվածին, սակայն նրա գլուխը բռնակին չհասավ։

Մեղադրող Երիցյանը սկզբում փորձարարությունն անհնար համարեց իրական տուժողի բացակայության պարագայում, իսկ փորձարարությունից հետո արդյունքները լիարժեք չհամարեց, քանի որ, ըստ նրա, ենթադրյալ վկա Էվինյանը եւ իրական վկա Քոչինյանը, ինչպես նաեւ ենթադրյալ տուժող Գրիգորյանը եւ իրական տուժող Վրթանեսյանը էական մարմնակազմական տարբերություններ ունեն, որոնք կարող են էական նշանակություն ունենալ փորձարության ժամանակ՝ թույլ չտալով տեսնել նախկինում վկայի եւ տուժողի նկարագրած պատկերը։

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց մեղադրողի խոսքերին ՝ նշելով, որ նման փորձարարություն նախկինում արվել է տարբեր հասակի եւ մարմակազմություն ունեցող անձանց հետ, եւ Կիվիրյանը պատրաստ է նույն փորձարարությունը կրկին անցնել, իսկ քրեական գործում առկա՝ Կիվիրյանի գլխի, դեմքի, ճակատային վնասվածքները փաստում են այն մասին, որ Կիվիրյանի նկատմամբ ուժ է կիրառվել, եւ վերջինը ինքնավնասում չէր կարող անել, քանի որ փորձարարության ժամանակ ամբաստանյալը գլխով նույնիսկ դռան բռնակին չհասավ։

Ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ այս փորձարարությունը վկայում է այն մասին, որ իր դեմ հարուցված քրեական գործը «սարքված», արհեստական է։

«Ակնհայտ դարձավ, որ գործով «վկա», ոստիկանության նախկին աշխատակից Քոչինյանի ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ նախաքննական մարմինը ոչ թե զբաղված էր գործը քննելով, այլ զբաղված է եղել կեղծ տվյալների հիման վրա գործ սարքելով։ Եղել է պատվեր, որպեսզի ոչ թե պարզեն, որ ոստիկանության մեքենայում իմ հանդեպ բռնություն է եղել, այլ կեղծ ցուցմունքների հիման վրա ինձ դարձնել ամբաստանյալ։ Այս փորձարարությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ սույն գործով բոլոր ապացույցները կեղծ են»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ