News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա 10 տարիներին Թուրքիայի դերը կարող է մեծանալ: 2015-25 թվականների գլոբալ քաղաքականության դինամիկայի կանխատեսման մեջ այս մասին գրում է «Stratfor» հետազոտական կենտրոնը:

Զեկույցի համաձայն, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Արեւելյան Միջերկրածովյան շրջանում, կարելի է քաղաքական քարտեզի որոշ վերաձեւումներ ակնկալել: XIX-XX թվականներին եվրոպական գերտերությունների կողմից ստեղծված ազգային պետությունները կազմալուծվում են՝ ցեղային, կրոնական պատկանելության կամ փոփոխվող տնտեսական շահերի հիման վրա: Դա կարելի է տեսնել այնպիսի երկրների օրինակով, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան եւ Իրաքը:

Նման բան արդեն եղել է նաեւ Լիբանանում՝ 1970-80-ականներին, երբ կենտրոնական կառավարությունը դադարեց գործել, եւ իշխանությունն անցավ պատերազմող կողմերին: Նրանց միջեւ հակամարտությունը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը խաղաղվեց, բայց չավարտվեց:

Արտաքին ուժերին դժվար է զսպել իրադարձությունների զարգացումը: Չափազանց շատ ուժ է հարկավոր եւ չափազանց երկար ժամանակ, նույնիսկ Միացյալ Նահանգների չափանիշներով: Հաշվի առնելով այլ շրջաներում իրադրությունը, հատկապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ն այլեւս չի կարող ուշադրությունը միայն այս կողմ ուղղել:

Միաժամանակ, արաբական պետություններում տիրող իրավիճակը, հատկապես՝ Թուրքիայից դեպի հարավ, սպառնում է տարածաշրջանային կայունությանը: ԱՄՆ-ն կփորձի մեղմացնել սպառնալիքները: Երկրների մեծ մասը Միացյալ Նահանգներից վճռական միջամտություն կսպասի՝ չնայած նրանք տեսել են, որ վերջին տասնամյակում ԱՄՆ-ին դա անել չի հաջողվել: Սակայն ակնկալիքը, ինչպես հայտնի է, իրականությունից ավելի պահպանողական է:

Եթե խոսենք իրականության մասին, ապա միայն մեկ երկիր է հետաքրքրված իրավիճակի կայունացմամբ եւ ի վիճակի է գործել մեծ ուժերի կիրառմամբ, եւ կրկին՝ իր դիրքի շնորհիվ: Դա Թուրքիան է:

Նրան անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի մասնակցությունը՝ քաղաքական եւ ռազմական պատճառներով: ԱՄՆ-ն կհամաձայնի դրան, բայց Ռուսաստանին զսպելու հարցում մասնակցության փոխարեն: ԱՄՆ-ն չի ակնկալում, որ Թուրքիան մարտնչող կողմի դեր կստանձնի: Բայց Վաշինգտոնը Սեւ ծովի ուղղությամբ որեւէ համագործակցության է ձգտում: Թուրքիան պատրաստ չէ Մերձավոր Արեւելքում ամբողջությամբ ինքնուրույն քաղաքականության եւ ստիպված կլինի որոշակի գին վճարել ԱՄՆ-ի աջակցության համար: Այդ աջակցությունը նրա համար ճանապարհ կբացի Վրաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ ազդեցությունն ընդլայնելու համար:

Ենթադրաբար, Թուրքիան ուշադրությունը կսեռեւի հարավի ուղղությամբ՝ իր սահմանի մոտ ռազմական գործողությունների շուրջ անհանգստության չափով: Սակայն միջամտությունը կլինի հնարավորինս սահմանափակ եւ դանդաղ, եւ կսկսի աճել, քանի որ տարիներով իր սահմանների մոտ անկարգությունները հանդուրժելու ուժ նա չի ունենա, իսկ այլ երկիր, որն իր վրա կվերցնի միջամտության գործը, չի լինի: Ո՛չ Իրանը, ո՛չ Սաուդյան Արաբիան նման գիրք չունեն՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ ռազմական տեսանկյունից:

Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ, եվրոպական ազդեցությունը կտարածվի դեպի Թուրքիայի պատմական շահերի գոտի, ներառյալ՝ Սեւ ծովի հյուսիսային ափը: Հնարավոր է՝ Թուրքիան դեպի հյուսիս կտարածի իր առեւտրային, քաղաքական, որոշ առումով՝ նաեւ ռազմական ազդեցությունը: Ավելին, Եվրամիության որոշ տնտեսություններում թուլացման շնորհիվ Թուրքիան կկարողանա մեծացնել ներկայությունը նաեւ Բալկաններում:

Մինչ այդ, Թուրքիան պետք է հասնի ներքին քաղաքական հավասարակշռության: Ներկա կառավարությունը փորձեց փոխզիջում գտնել աշխարհիկ եւ մահմեդական միտումների միջեւ, սակայն բազմաթիվ հարցերում հեռացավ աշխարհականներից, որոնց թիվը երկրում փոքր չէ: «Stratfor»-ի վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ առաջին 10 տարիներին Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային գերտերության, կաճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ